Լավաշը աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է և ամենահին հացերից մեկը

Լավաշ թխում են մինչև 1,5մ խորության և 80սմ տրամագծով թրծված, հողի մեջ թաղված հատուկ կավե գլանաձև հարմարությունում, որը կոչվում է թոնիր: 
Գետնափոր կավե թոնիրը (ջեռոց, ջերմամշակման գործիք) հայկական խոհանոցի առաջին գործիքներից է: 
Արտաշատ քաղաքի պեղումների ժամանակ հայտնաբերվել է այդ ժամանակաշրջանի գետնափոր թոնիրը, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ լավաշը զուտ հայկական հաց է: 
Հայաստանում լավաշ հացը հայտնի է մ.թ.ա 1-ին հազարամյակից, սակայն այն ոչ միայն հնագույն հացի տեսակ է, այլև աշխարհի ամենաերկարաժամկետ պահվող հացն է:

Ավանդական եղանակով պատրաստված իսկական լավաշի պահպանման ժամկետը` 1 տարի է:
Սովորական հացերը թխելուց հետո կարելի է օգտագործել շատ սուղ ժամկետում, իսկ պատրաստած լավաշը թխելուց հետո կարելի է երկար պահել և այն չի փչանա: 
Լավաշը կարելի է չորացնել և շատ երկար պահել, իսկ երբ թրջում են ջրով, այն կրկին թարմանում է: 
Լավաշը բոլոր տոնական սեղանների պարտադիր և գլխավոր զարդն է: Հայկական խոհանոցում կան ազգային ուտեստներ, որոնք ուտում են միայն լավաշով: 
Առանց լավաշի անհնար է վայելել ո՛չ պանրով բրդուճը, ո՛չ հայկական ավանդական խաշը, պանրխաշը և ո՛չ էլ անուշաբույր խորովածը:
Եվ ինչպես ռուս հայտնի գրող Անդրեյ Բիտովն է բնութագրել, «Լավաշը ուտելիք է, լավաշը պատառաքաղ է, լավաշը անձեռոցիկ է։ Հայերը լավաշն ուտում են, լավաշով միս են բռնում, լավաշով այն փաթաթում են»։

Հայկ Կիսեբլյան