XX դարի նորարարական կինոռեժիսուրայի մեծ հայ վարպետը. Սերգեյ Փարաջանով

Սերգեյ Փարաջանովը (իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Փարաջանյանց) մանկուց նկարել է, ջութակ և դաշնամուր նվագել: Դպրոցական տարիներին հաճախել է բալետի ստուդիա և դրամատիկական խմբակ: 1942–45 թթ-ին սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայի երգեցողության բաժնում, 1951 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (Իգոր Սավչենկոյի արվեստանոց). դիպլոմային աշխատանքը «Մոլդովական հեքիաթ» ֆիլմն է: 1949 թ-ից Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում ռեժիսորի ասիստենտ էր, 1952 թ-ից՝ բեմադրող-ռեժիսոր: Մասնակցել է Սավչենկոյի «Երրորդ հարվածը» (1948 թ.) և «Տարաս Շևչենկո» (1952 թ.) ֆիլմերի նկարահանումներին: 

1955 թ-ին Փարաջանովն ստեղծել է իր առաջին լիամետրաժ` «Անդրիեշ» (Յակով Բազելյանի հետ), ապա՝ «Առաջին տղան» (1959 թ.), «Ուկրաինական ռապսոդիա» (1961 թ.), «Ծաղիկը քարի վրա» (1962 թ.) ֆիլմերը: Նա համաշխարհային ճանաչման է արժանացել «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը և արժանացել 28 տարբեր պարգևների [Կիևի համամիութենական (1964 թ.), Մար դել Պլատայի (1965 թ.) կինոփառատոների, բրիտանական կինոակադեմիայի, ՈւկրԽՍՀ Պետական (1990 թ.) մրցանակներ, Սալոնիկի (Հունաստան) կինոփառատոնի ոսկե մեդալ և այլն]: Ֆիլմը գուցուլների (ուկրաինացիների էթնիկական խումբ) մասին է. ներկայացված է ոչ միայն ժողովրդական ծեսերի, հավատալիքների, տոնախմբությունների գունագեղ ու խորհրդավոր մի աշխարհ, այլև բացահայտված է մարդու ներաշխարհը` իր հույզերով և զգացումներով: 

1966 թ-ին սկսել է «Կիևյան որմնանկարներ» կինոնկարի աշխատանքները, սակայն այն արգելվել է (պահպանվել են մի քանի կադրեր): Փարաջանովը և մշակույթի ու գիտության մի շարք այլ գործիչներ նամակ են հղել կուսակցական և պետական բարձրագույն ատյաններ. բողոքել են 1960-ական թվականներին Ուկրաինայում մտավորականների համատարած բանտարկությունների համար:

1966 թ-ին Փարաջանովին հրավիրել են աշխատելու Հայֆիլմ ստուդիայում: 1967 թ-ին նկարահանել է «Հակոբ Հովնաթանյան» վավերագրական կինոնկարը: 1969 թ-ին սեփական սցենարով ստեղծած «Նռան գույնը» («Սայաթ-Նովա», ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988 թ.) ֆիլմով հաստատվել է Փարաջանովի արվեստի ինքնատիպությունը, և ռեժիսորն արժանացել է մեծ համբավի: Ֆիլմի գունագեղ կտավներ հիշեցնող կադրերը վերակերտում են աշուղ և բանաստեղծ Սայաթ-Նովայի կենսագրությունը, բացահայտում նաև այնպիսի արժեքներ, ինչպիսիք են երգը, սերն ու հավերժությունը:

1973 թ-ին, երբ Փարաջանովն սկսել է «Հրաշքն Օդենսում» (նվիրված է Հանս Քրիստիան Անդերսենին) ֆիլմի աշխատանքները, նրան բանտարկել են: 1977 թ-ին միջազգային հանրության (Ֆրանսուա Տրյուֆո, Ժան-Լյուկ Գոդար, Ֆեդերիկո Ֆելլինի, Լուկինո Վիսկոնտի, Ռոբերտո Ռոսսելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Լուի Արագոն) ճնշման տակ ժամանակից շուտ ազատվել և վերադարձել է Թբիլիսի: 1982 թ-ին Փարաջանովը դարձյալ կեղծ մեղադրանքներով ենթարկվել է քրեական պատասխանատվության և 11 ամիս պահվել Օրթաճալայի բանտում: Հալածանքների շրջանը տևել է 15 տարի: Ռեժիսորը նույնիսկ բանտախցում շարունակել է ստեղծագործել. կազմակերպել է ինքնագործ թատրոն, ստեղծել կոլաժներ, տիկնիկներ և գծանկարներ: 

1983–88 թթ-ին Փարաջանովն աշխատել է Վրացֆիլմում. 1984 թ-ին նկարահանել է «Լեգենդ Սուրամի բերդի մասին» (կինոռեժիսոր Դավիդ Աբաշիձեի հետ), 1986 թ-ին՝ «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմաներով» (կարճամետրաժ), 1988 

թ-ին՝ «Աշուղ Ղարիբ» (ՌԴ «Նիկե» մրցանակ՝ 1999 թ., հետմահու) կինոնկարները: 

Փարաջանովի վերջին՝ «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմն անավարտ է մնացել հիվանդության պատճառով (նյութերն ամբողջությամբ օգտագործել է Միքայել Վարդանովն իր «Փարաջանով: Վերջին գարուն» վավերագրական ֆիլմում, 1992 թ.): 

Փարաջանովը նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ («Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր», երկուսն էլ՝ Կիևի կինոստուդիա, 1957 թ.): Փարաջանովն իր մի քանի և այլ ռեժիսորների կինոնկարների սցենարիստն է («էտյուդ Վռուբելի մասին», 1989 թ., «Կարապի լիճ: Զոնա», 1990 թ.):

Փարաջանովի ստեղծագործությանը բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, ժողովրդի անցյալի և ներկան սնող մշակույթների ակունքների նկատմամբ, նաև վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունը, մտքի փիլիսոփայական խորությունը: 

Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թ-ից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից բերված կահ-կարասին:

Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում: 
Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005 թ-ին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»: