Մինաս Ավետիսյան. 1960-ակաների հայ կերպարվեստի նոր վերելքի նշանավոր ներկայացուցիչը


 ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Մարտիրոս Սարյանի անվան և Պետական մրցանակների դափնեկիր Մինաս Ավետիսյանը (Մինաս) 1947–52 թթ-ին սովորել է Երևանի գեղարվեստական ուսումնարանում, 1952–54 թթ-ին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1960 թ-ին ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: 

Մինասը բազմաժանր նկարիչ է. ստեղծել է ավելի քան 500 կտավ, հարյուրավոր գծանկարներ, մեծածավալ որմնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ: 
Հանրահայտ են Մինասի «Տարվա եղանակները» (1960–63 թթ.), «Իմ ծնողները» (1962 թ.), «Հանդիպում» (1965 թ.), «Հորս դիմանկարը» (1965 թ.), «Շեմին» (1967 թ.) և այլ գործեր: 

Մինասը ստեղծել է հայ ժողովրդի անցյալն ու ներկան արտացոլող՝ «Տեր Զորի ճանապարհին» (1964 թ.), «Գաղթ» (1965–67 թթ.), հայկական գյուղաշխարհը պատկերող՝ «Ջուլհակուհիներ» (1958 թ.), «Տերևներ հավաքողները» (1960 թ.), «Ջաջուռ» (1960 թ.), «Հաց են թխում» (1963 թ.), «Խնոցի են հարում» (1964 թ.) և այլ կտավներ:

1962 թ-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է «Երեք բալետ-նովել» (Ջոակինո Ռոսսինիի «Տիկնիկների աշխարհում», Մորիս Ռավելի «Իսպանացի աղջիկը. բոլերո», Ջորջ Գերշվինի «Նեգրական թաղամաս»), Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը», Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետները: 
Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը: 
Մինասն իր բեմանկարչական ինքնատիպ սկզբունքը զարգացրել ու թատերական պայմանականության նոր աստիճանի է հասցրել Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումներում, իսկ իր պատկերները կառուցել է գունային ցայտուն հակադրությամբ, արտահայտել լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով («Ինքնանկար փշով», 1967 թ., «Խաչելություն», 1975 թ.): 

Մինաս Ավետիսյանը շարունակել և ստեղծագործաբար զարգացրել է նաև հայ մանրանկարչության ավանդները: Հայտնի են Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում Մինասի ստեղծած հրաշալի որմնանկարները: 

Մինասի ստեղծագործությունների մի մասը առեղծվածային հանգամանքներում անհետացել են:
1972 թ-ին հրդեհվել է նրա արվեստանոցը. այրվել է 100-ից ավելի նկար, սակայն խոսակցություններ կան, որ հրդեհի ժամանակ իբրև թե ոչնչացված կտավներից որոշները հետագայում հայտնաբերվել են ուրիշ (անհայտ կոլեկցիոներների) մոտ: 
Մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով, 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից վնասվել են Գյումրիում ստեղծած նրա որմնանկարները, որոնք 2008 թ-ին տեղափոխվել են Ջաջուռ՝ նկարչի տուն-թանգարան (հիմնադրվել է 1982 թ-ին):
Մինասը մահացել է առեղծվածային ավտովթարից, որի մանրամասները ցայսօր պարզված չեն: 1977 թ-ին Երևանում բացվել է նրա արվեստանոց-թանգարանը: