Երեմիա Օշականցու մատենագրական վաստակը
Ավանդույթներ
,
Արվեստներ
,
Գեղանկար
,
Գրարվեստ
,
Դեկորատիվ-կիրառական արվեստ
,
Նկարչություն
.
8/26/2015 02:16:00 pm
Երեմիա Օշակացու մասին մեզ հասած տեղեկությունները հիմնականում իր իսկ ձեռագրերի հիշատակարաններից են, որոնցից դատելով՝ նա ձեռագրեր է ընդօրինակել ու ծաղկել դեռևս իր սարկավագության տարիներին: Օրինակ, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի (այսուհետ՝ ՄՄ) Հմր 10677՝ 1757 թվականից հետո Էջմիածնում գրված «Յակոբայ Շամախեցւոյ հաց նեղաւորաց եւ գոհարան» ձեռագրի հիշատակարանում նշվում է. «…նաեւ զիս՝ ըզ Երեմիաս զսարկաւագս հանճարապակասս, որ գրեցի եւ ծաղկեցի զայս …»:
Մատենադարանի մեկ այլ՝ դարձյալ Էջմիածնում 1760-1761 թթ. գրված Հմր 2646 «Մովսէս Կաղանկատուացի. Պատմութիւն Հայոց» ձեռագրի ծաղկողը ևս Երեմիա սարկավագն է. «Եւ ես խնդրեմ ի ձէնջ յիշել ի Քրիստոս զթարմատար եւ զբազմամեղ, զգանապարտական եւ զպատժապարտ, զպարսաւապատեհ ծառայս նորին եւ ձեր ամենեցուն զդպիրս Ղունկիանոս զտաժանմամբ գծօղս սորա եւ մանաւանդ զծաղկօղս սորին զԵրեմիաս սարկաւագս՝ զհարազատ պաշտօնեայս սոյն մեծի հայրապետիս…»: Վերոնշյալ հիշատակարանները վկայում են, որ դեռևս երիտասարդ հասակից Երեմիան ունեցել է նկարչական բարձր ճաշակ ու հմտորեն տիրապետել հիշյալ մասնագիտությանը:
Հայ մանրանկարիչների մատենագիտական ցանկում արվեստաբան Ա. Գևորգյանը հիշատակում է Երեմիա Օշականցուն, որը ստեղծագործել է 18-րդ դ. երկրորդ կեսին և Սիմեոն Երևանցու պատվերով ձեռագրեր նկարազարդել Էջմիածնում: Հայ մանրանկարչական արվեստն ըստ Ա. Գևորգյանի՝ շուրջ տասնչորս հարյուրամյակի (6-19-րդ դդ.) պատմություն ունի և «…իր ոճական առանձնայատկութիւնների, գեղարուեստական բարձր մակարդակի, ընդգրկած թեմաների եւ դրանք ստեղծող տաղանդաւոր նկարիչների շնորհիվ, այսօր համաշխարհային ճանաչման է արժանացել ու գիտական բազմաթիւ ուսումնասիրութիւնների նիւթ դարձել»:
Մաշտոցյան Մատենադարանում են պահվում Երեմիայի նկարազարդած երկու ձեռագիր «Մաշտոց ձեռնադրութեան» (ՄՄ Հմր 2891, 2892), որոնց գրիչը Եփրեմ վարդապետն է՝ հետագայում Եփրեմ Ա. Ձորագեղցի (1809-1830) կաթողիկոսը: Ըստ ՄՄ Հմր 2891 ձեռագրի գրչության ծավալուն հիշատակարանի՝ վերջինս ՙնոտարական արհեստին՚ տիրապետելու համար պարտական է Երեմիային. «…քանզի ի նմանէ ունիմ ուսեալ զգիրս, որ մեծաւ երկամբ եւ աշխատութեամբ ուսոյց ինձ զարհեստս նօտարութեան, որում Տէր լիցի վարձահատոյց»: Եփրեմ վարդապետը Երեմիային իբրև ուսուցիչ է բնորոշում նաև հիշատակարանի վերջում. «Յիշեսջիք և զծաղկօղ սորին և ուսուցիչն ինձ զարհեստս նօտարութեան զԵրեմիա արքեպիսկոպոսն վերոյ յիշեցեալ, հանդերձ ծնողօք իւրովք»:
Մատենադարանում պահվող ևս չորս ձեռագրի (ՄՄ Հմր 1056, 1817, 2646, 10677) գրիչ և ծաղկող Երեմիային Ա. Գևորգյանըպայմանականորեն նույնացնում է Երեմիա Օշականցու հետ, քանի որ Երեմիա գրիչը ևս գործել է 18-րդ դ. երկրորդ կեսին և ձեռագրեր ընդօրինակել Էջմիածնում:
Կարծում ենք՝ հիշյալ ձեռագրերի մանրանկարչության համադրությունն իսկապես հաստատում է Ա. Գևորգյանի տեսակետը.նպատակ չունենալով խորանալ արվեստաբանական հարցերի քննության մեջ, գտնում ենք, որ դրանք աչքի են ընկնում նկարազարդման մանրամասների՝ կիսախորանների, ճակատազարդերի, լուսանցազարդերի (բուսական, թռչնային, սափոր), վերջնազարդերի (ծաղկային), զարդագրերի (թռչնագիր, կենդանագիր) բազում ընդհանրություններով: Առանձնանշելի են հատկապես ՄՄ Հմր 2891 և ՄՄ Հմր 2892 ձեռագրերի գրադաշտի խորանակերպ զարդանկարներով սյունակները: Գունազարդման տեխնիկան ևս նմանօրինակ է. Երեմիա ծաղկողն առատորեն օգտագործում է ոսկի, գույներից գերակշռող են վառ կարմիրը, ծիրանին, կապույտը, կանաչը (նկ. 2-11):
Վերոնշյալ ձեռագրերի հիշատակարանները հաճախ բովանդակալից են. դրանցում մանրամասն տեղեկություններ են հաղորդվում գրչության շարժառիթների ու նպատակի, գունազարդման տեխնիկայի, ոսկու օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ: Հիշատակարաններում բազմիցս հանդիպում են Երեմիային ուղղված «գծող», «գրագիր», «նրբարուեստ նկարակերտ», «գեղեցկագիր նօտար», «գրիչ», «ծաղկող», «խորհրդական դպիր» և այլ նմանատիպ բնորոշումներ, որն ինչպես վերը նշեցինք, արտահայտված էր նաև տապանագրում: Օրինակ, վերոնշյալ ՄՄ Հմր 2891 ձեռագրի հիշատակարանում կարդում ենք. «Զոր տեսանելով շնորհընկալ եւ օրհնածին որդւոյ սոյնոյ տեառնս մերոյ սրբազնկատար վեհապետի տեառն Երեմիայի արքեպիսկոպոսի յՕշականցւոյ, քաջ քարտուղարի եւ գեղեցկագիր նօտարի Աստուածաէջ սրբոյ գահիս եւ նրբարուեստ նկարակերտի, շարժեցաւ եւ նա ի յիղձ բարի երփնազարդել զսոսա գեղեցկագոյն ծաղկօք եւ ձագագրօք, եւ յազնիւ եւ ի զանազան երանգոց, եւ ի մաքուր ոսկւոյ…»: Այս բավականին ուշագրավ հիշատակարանը փաստացի տեղեկություններ է հաղորդում Երեմիայի՝ Մայր Աթոռում զբաղեցրած պաշտոնների ու նկարազարդման նյութերի վերաբերյալ: Նա հիշվում է ոչ միայն իբրև «քաջ քարտուղար» և «գեղեցկագիր նօտար», այլև «նրբարուեստ նկարակերտ», որը զանազան գեղեցիկ գունային երանգներով ու մաքուր ոսկով նկարազարդել-ծաղկել է ձեռագիրը: Ի դեպ, ուշագրավ է նաև Մայր տաճարի՝«Աստուածաէջ սրբոյ գահ» ձևով հիշատակումը:
1767-1768 թթ. Էջմիածնում գրված ՄՄ Հմր 2 «Պետրոս Աղամալեան-Բերդումեան. Աղբիւր բացեալ» ձեռագրի ստացողը նույն ինքը Երեմիա եպիսկոպոս Օշականցին է, իսկ գրիչը՝ Մայր Աթոռի նշանավոր նոտար Ղունկիանոս Աշտարակեցին. վերջինս և իր մայրը թաղված են Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցում: Ձեռագրի Հայոց ՌՄԺԷ. (1768) թվակիր ծավալուն և բավականին խոսուն ստացողի հիշատակարանը, որ ըստ ամենայնի՝ Երեմիայի ինքնագիրն է, ամփոփում է տեղեկություններ նրա ծննդավայրի, ձեռագրի պատվիրման շարժառիթների, աշխատանքի, զբաղվածության և այլևայլ հարցերի վերաբերյալ: Նա հայտնում է, որ իր իղձն ու ցանկությունն էր ամբողջական ունենալ Ավետարանի առակների մեկնությունները, որի համար խնդրանքով դիմել է ժամանակի նշանավոր աստվածաբան, փիլիսոփա, Ս. Էջմիածնի միաբան Պետրոս եպիսկոպոս Նախիջևանցուն, որը և ընդառաջել է նրան: Սակայն, աշխատանքի ծանրաբեռնվածությունը թույլ չի տվել, որ Երեմիան անձամբ գրեր իր մատյանը, որի մասին հաղորդում է հետևյալը. «Զոր և յետ յաւարտ և ի կատարումն հասուցանելոյն, շնորհեաց ինձ՝ ամենանուաստ Երեմիա յոգնամեղ եպիսկոպոսիս, հաւատով և սիրով խնդրողիս և փափագողիս սոյնոյ աստուածային յորդառատ և զովացուցիչ աղբեր։ Եւ ես, ի նոյնոյ հեղինակէն, երկրորդաբար գրեցուցի զսա արդար վաստակօք իմովք այլոյ ումեմն եղբօր, վասնզի ես չունէի ժամ գրելոյ՝ վասն նօտարական և ծաղկարարականգործոյս իմոյ ծանրութեան և մշտաշխատութեան, որպէս զի որքան կենդանիս եմ՝ վայելիցեմ զսա և յետ մահուան իմոյ լիցի անջնջելի յիշատակ հոգւոյ իմոյ և ի վայելս տիրացու Զաքարիայ եղբօրորդւոյն իմոյ»: Հիշատակարանից պարզվում է, որ դյուրին չի եղել Երեմիա Օշականցու աշխատանքը, նոտարական ու ծաղկարարական գործն այնքան մեծ ժամանակ է պահանջել նրանից, որ չի կարողացել անգամ իր համար ցանկալի ու երկար սպասված գործն անձամբ գրել: