Գրիչ, ծաղկող Երեմիա օշականցին տպագիր աշխատություններում

Երեմիա Օշականցին իբրև արհեստավարժ ծաղկող քանիցս հիշատակվում է Մա­ղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի և Գյուտ ավագ քահանա Աղանյան­ցի աշխա­տություններում: Վերջինս Երեմիային բնորոշում է իբրև «սիրուն գեղագիր», «ընտիր քարտուղար», «նրբարուեստ նկարող և ծաղկագրող». «Այս Երեմիան մի շատ սիրուն գեղագիր էր, ընտիր քարտուղար, նրբարուեստ նկարող և ծաղկագրող զանազան գոյներով և մաքուր ոսկով»: Ս. Էջմիածնի նվիրակության թեմերի ցանկը ներկա­յացնելիս, Գյուտ Աղանյանցըհիշատակում է կազմողին՝ նոտար Երեմիա Օշական­ցուն, որը «Սիմէոն կաթուղիկոսի նախապատիւ սպասաւոր, Մկրտիչ արքեպիսկո­պոսի սանիկն էր և վերջը հասաւ արքեպիսկոպոսութեան աստիճանին»: Վերջին տեղեկությունը կարևորվում է այնքանով, որքանով որ պարզում է Երեմիայի՝ Սիմեոն կաթողիկոսի սպասավորներից Մկրտչի սանիկը լինելու հանգամանքը: Նշենք, որ Մկրտիչը վախճանվել է 1789 թ. հուլիսի 8-ին և թաղված է Ս. Էջմիածնի միա­բանական գերեզմանոցում: Օրորոցաձև տապանաքարի հնգատող վիմագրում նա դարձյալ հիշ­վում է իբրև Սիմեոն վեհի մեծ պաշտոնյա: Ս. Հռիփսիմե վանքի հյուսիսարևմտյան հին պարիսպն իր բուրգերով ու կամարակապ դարպասով կառուցվել է վերջինիս մի­ջոց­ներով` 1776 թ., որի մասին է վկայում դարպասի արևելահայաց որմին ագուց­ված քարի շինա­րարական արձանագրությունը. «…շինեցաւ արտաքին պարիսպ Ս⌊ր⌋բ⌊ո⌋յ վանիցս, հանդերձ երկու բրքովքն, եւ կամարակապ դրամբս՝ արդեամբք Տ⌊եառ⌋ն Սի­մէօնի ս⌊ր⌋բ⌊ա⌋զ⌊ա⌋ն կ⌊ա⌋թ⌊ո⌋ղ⌊ի⌋կ⌊ո⌋սի սպասաւոր Մկրտիչ եպ⌊ի⌋ս⌊կո­պո­ս⌋ին…»:

Երեմիա Օշականցու կազմած «Ս. Էջմիածնի նուիրակութեանց թէմերը» մատյանի վերջում առկա է ծավալուն հիշատակարան, որը հրատարակել է Գ. Աղանյանցը: Ըստ հիշատակարանի՝ Սիմեոն կաթողիկոսի բաղձանքն էր կազմել մատյաններ ու ցուցակներ, որոնցում պետք է արձանագրվեին. «…թեմք և վիճակք սրբոյ Աթոռոյս. թէ որք նուիրակացն սորին էին շրջագայելիք և թէ որք առաջնորդացն ի Հայրապետաց սորին կարգելոց հովուելիք»: Հայրապետի՝ միանգամայն մեծ կարևորություն ունե­ցող նախաձեռնությունն իրականացվում է Երեմիա նոտարի ձեռքով: Ավելորդ չենք համարում այստեղ ևս մի հատված մեջբերել հիշատակարանից. «Ես՝ նուաստա­գունեղ ծառայս նորին և ձերումդ ազնուութեան Երեմիա աբեղայս՝ նօտարս սրբոյ գահիս, հաւաստի տեղեկութեամբ, անթե­րութեամբ և ուղիղ դասութեամբ ժողովեցի ի մի վայր զընդհանուր թեմս և զվիճակս սրբոյ Աթոռոյս. զքաղաքս, զղասապայս, և զգլխաւոր գիւղօրայս նոցին յիւրաքանչիւրումն դասու: Զի ես յիմում ժամանակի և յետագայքն իմ յիւրաքանչիւր դարս անաշխատ գտցուք և գրեսցուք: …Ուստի և տեառն իմոյ սրբազանի կատարեցան բարի կամք, որ ի վաղուց կամէր այսմ այսպէս լինել… Գրեցաւ ի ՌՄԺԴ. (1765), յունիսի ԺԸ. (18)»: Այսինքն, հիշյալ թվակա­նից սկսած և հե­տագա տարիներին ևս պետք է շարունակաբար լրացվեին, կազմվեին ու ամբողջաց­վեին Մայր Աթոռի վերոնշյալ ցուցակներն ու գրանցման մատյանները:

Սիմեոն կաթողիկոսի՝ հիշյալ նախաձեռնությունների վերաբերյալ, ինչպես նաև դրանց իրագործումը Երեմիա նոտարին վստահելու առնչությամբ տեղեկու­թյուններ է հաղորդում նաև Մ. Օրմանյանը: Ըստ նրա՝ Սիմեոն Երևանցու ձեռնար­կումները. «…կը ծառայեն թէ գոր­ծունէութեանց կանոնաւորութիւն տալու, եւ թէ եղելութեանց նպատակն ու յիշա­տակը պահպանելու»: Նա նաև շեշտում է, որ վեհափառ հայրա­պետը. «…նու­իրա­կութեանց մասին տեղեկութիւններ հաւաքելու գործը յանձնեց Երեմիա նոտարին, որ նշանակէ իւրաքանչիւր թեմին նուիրակը, անոր արդիւնա­ւորութիւնը եւ զանազան խնդիր­նե­րը»: Այսօրինակ վկայությունները փաստում են Երեմիայի՝ Մայր Աթոռում զբաղեցրած բարձր դիրքը, կաթողիկոսից վստահություն, հարգանք ու սեր վայելելը, ինչպես նաև իր գործում հմուտ, գիտակ ու աշխատասեր լինելը:

Երեմիա Օշականցին քանիցս հիշատակվում է նաև ձեռնադրությունների ցուցակ­ներում: Այս առումով կարևորվում է հատկապես ՄՄ Հմր2 «Աղբիւր բացեալ» ձեռագրի վերոնշյալ հիշատակարանի վերջնամասը, ուր թվագրմանը զուգահեռ նշվում է. «Արդ գրեցաւ աստուածային բուրաստանս ի թուականիս մերում ՌՄԺԷ. (1768), ի վեցերորդում ամի հայրապետութեան վեհափառ տեառն մերոյ Սիմէօն սրբազան կաթուղիկոսին, յորմէ ընկալեալ եմ զերիս հոգևոր շնորհս, այսինքն՝ զքահանայութիւն, զվարդապետութիւն և զեպիսկոպոսու­թիւն…»: Հիշատակա­րա­նում հեղինակը, այս­ինքն՝ Երեմիա Օշականցին, հստակ մատնանշում է, որ իր երեք հոգևոր աստիճան­ները, որ են՝ քահանայություն, վարդապետություն և եպիսկոպոսու­թյուն, ստացել է Սիմեոն Երևանցի սրբազան հայրա­պետից:

Սիմեոն կաթողիկոսի «Յիշատակարան»-ի ձեռնադրությունների ցուցակում պահ­պանված մի ուշագրավ վկայության համաձայն՝ 1767 թ. Մայր Աթոռի միաբաններից մի քանիսի հետ եպիսկոպոսության աստիճան է շնորհվել նաև գրագիր Երեմիա Օշականցուն. «Ի ՌՄԺԶ. (1767) թուոջս. մետասաներորդ ձեռնադրեաց եպիսկոպոս, զմիաբանսն սրբոյ Աթոռոյս, զԵղվարդեցի լուսարար Գրիգոր վարդ., զԿարբեցի Սարգիս վարդ., զԱռնճեցի Յօսէփ վարդ., զՅօշականցի գրագիր Երեմիայ վարդ. … ի փետրվարի ԺԱ. (11)»: Հիշատակություններից մեկն էլ, որ ըստ էության՝ նույնանում է նախորդի հետ, կապված է Հնդկաց երկրի նվիրակ Հովհաննես վարդապետի փոխա­րեն նույն պաշտոնում նշանակված Սիմեոն կաթողիկոսի սպասավոր Հովսեփ վար­դապետի հետ: Քանի որ վերջինս եպիսկոպոս չէր, ուստի կաթողիկոսը «…ի ԺԱ. (11) աւուր փետրվ[ար] ամսոյն և ի բարեկենդանի միջի կիւրակէին, որ զկնի տօնի սրբոյ Հայրապետին Իսահակայ, ձեռնադրեաց զնա եպիսկոպոս: Ընդ որում ձեռնադրեաց ևս ի միաբանութիւն սրբոյ Աթոռոյս զԵղվարդեցի Գրիգոր (որ էր լուսարար սրբոյ գահիս). զԿարբեցի Սարգիս և զժամասած Ստեփաննոս և զՅօշականցի Երեմիա վարդա­պետսն, որ գրագիր էր սրբոյ Աթոռոյս»:

Գրագիր, ծաղկող Երեմիա Օշականցին և վերոհիշյալ Ղունկիանոս գրիչն ըստ ամենայնի՝ հիշատակվում են նաև Հակոբ Շամախեցու (Ամենայն Հայոց կաթողիկոս՝ 1759-1763) «Գիրք աղօթից, որ կոչի հաց նեղելոց» տպագիր աշխատության «Աղերս յիշատակի գծագրո­ղացն գրքոյս» բաժնում: Հիշման ու աղերսի տողերն այսպես են եզրափակ­վում. «Այլ և աղաչեմք յիշել վերջաբար. զերկոսին եղբարս՝ զնօտարս անկատար: ըզԵրեմիաս և զՂունկիանոսս. զնախագըրիչս տառիս փըրկարար: Զի զմեզ յիշելով և դուք յիշիջիք. յամենատեառնէն և զվարձս ընկալջիք… Իսկ թիւըն մեր յոր այսք աւարտեցան. հազար երկերիւր և մի եօթնական (1758)…»: Ըստ էության՝ տպագիր աշխատության համար հիմք հանդիսացող ձեռագիրը Երեմիայի ու Ղունկիանոսի գրչին է պատկանել: Կարծում ենք՝ խոսքը Էջմիածնում գրված վերոնշյալ ՄՄ Հմր 10677 «Յակոբայ Շամախեց­ւոյ հաց նեղաւորաց եւ գոհարան» ձեռագրի մասին է (չնայած նրան, որ Ա. Գևորգյանը ձեռագրի գրիչ և ծաղկող հիշատակում է միայն Երեմիային):
Ամփոփելով վերոշարադրածը՝ պետք է արձանագրել, որ 18-րդ դարի երկրորդ կեսին իր բեղուն գործունեությամբ ու բնատուր տաղանդով աչքի ընկած գրագիր, ծաղկող Երեմիա արքեպիսկոպոս Օշականցին Մայր Աթոռի միաբանության՝ տվյալ ժամանակի արդյու­նաշատ հոգևոր գործիչներից էր, որի ստեղծագործական ուղին նշանավորվեց ու լավագույնս դրսևորվեց հատկապես մատենագրության մեջ: Նա վախճան­վել է 1781 թ. հունիսի 23-ին: Ս. Էջմիածնի միաբանական գերեզ­մանոցում գտնվող օրորոցաձև տապա­նաքարի արձանագրությունը պարզապես լրացնում ու վա­վե­րացնում է նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ ցայսօր հայտնի փաստա­գրերը: