Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը
Խաչակնքման սովորությունն այնքան հին է, որքան քրիստոնեությունը և հատուկ է բոլոր ուղղափառ Եկեղեցիներին: Հին աշխարհում և հռոմեական կայսրությունում խաչը համարվում էր անարգ մահվան, նախատինքի, չարչարանքների միջոց:
Քրիստոս, գամվելով մահվան խաչին, մեր փոխարեն հանձն առավ մահը, Ինքը կրեց ադամական մեղքի անեծքը, և մահվան գործիքն Իր զորությամբ վերափոխեց հավիտենական կյանքի խորհրդանիշի: Առաքելական շրջանում, մանավանդ I-II դարերում, հալածանքների ժամանակ հավատացյալներն իրար հետ ծանոթանում էին «կուրծքը խաչակնքելով»: Ահա թե ինչու թե' հնում և թե' այսօր բոլոր ճշմարիտ քրիստոնյաները խաչակնքվում են աղոթքի սկզբում և վերջում, եկեղեցի մտնելիս և ելնելիս, սրբություններին մոտենալիս, փողոց դուրս գալիս, որևէ աշխատանք սկսելիս և այլ պատեհ առիթներով:
Խաչակնքվելն ամուր վահան է ընդդեմ դիվական ներգործությունների: «Եթե դու ջերմեռանդությամբ խաչակնքվես, ապա ոչ մի չար ոգի չի կարող քեզ մոտենալ, որովհետև նա կտեսնի այն զենքը /խաչը/, որով Հիսուս Քրիստոս մահացու խոցեց նրան և կործանեց սատանայի ու նրա արբանյակների ողջ չար զորությունը», – գրում է Ս. Հովհան Ոսկեբերանը:
Խաչակնքելով մենք հիշում ենք Տեր Հիսուս Քրիստոսի փրկարար մահը խաչի վրա, հայցում ենք Նրա օգնությունը, ողորմությունն ու օրհնությունը, քանզի խաչի զորությունը Քրիստոսն է: Պողոս առաքյալն ասում է. «Մեզ՝ փրկվածներիս համար խաչի զորությունը Աստծու զորությունն է» (Ա Կորնթ. Ա18):
Խաչակնքվելը նշանակում է մեր հին, մեղավոր էության դատապարտում և նոր, անմեղ էության ծնունդ կամ Ադամի մահ և Քրիստոսի ծնունդ, հին մարդու վերջ և նոր մարդու սկիզբ:
Առաքելական շրջանի նախնի եկեղեցում տարածված էր մի շատ ծանոթ երգ, որն ամբողջությամբ պահպանվել է Պողոս առաքյալի՝ եփեսացիներին ուղղված նամակում. «Վեր կաց դու, որ ննջում ես, կանգնիր մեռելների միջից, և Քրիստոս պիտի լուսավորի քեզ» (Եփես. 5 : 14):
Քնածն այստեղ Ադամն էր, որ մեռավ: Ավանդությունը Քրիստոսի խաչելության վայրը Գողգոթայի վրա նույնացնում է Ադամի գերեզմանի հետ: Դրա համար էլ հնում խաչի տակ գանգ էին նկարում /Ադամի գանգը/: Այսպիսով, խաչակնքվելիս մենք հաստատում ենք, որ մեռանք որպես Ադամ և կենդանացաք՝ որպես Քրիստոս: Խաչակնքվում ենք հետևյալ կերպ. միացնում ենք աջ ձեռքի առաջին երեք մատները /բթամատ, ցուցամատ և միջնամատ/, հպում ճակատին՝ ասելով «յանուն Հօր», իջեցնում կրծքին՝ ասելով՝ «և Որդւոյ», տանում կրծքի ձախ կողմը՝ ասելով՝ «և Հոգւոյն», ապա կրծքի աջ կողմը՝ ասելով՝ «Սրբոյ», և դնում կրծքի վրա ու ասում «Ամէն»: Մյուս երկու մատները /ճկույթը և մատնեմատը/ միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է, որ Քրիստոս կատարյալ Աստված է և կատարյալ մարդ: Խաչակնքվելիս հարկավոր է գլուխը փոքրինչ խոնարհել, որով մեր հնազանդությունն ենք արտահայտում Աստծուն:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու, երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը, էությունը գամվեց խաչի վրա և թող այսուհետ Քրիստոսի միտքը գրավի մեզ: Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև, ուզում ենք ասել, որ մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ /այն մեռավ խաչի վրա/, այլ թող Քրիստոս թելադրի մեզ իր կամքը: Ձախ և աջ տանելով՝ ուզում ենք ասել, որ մեր ձեռքերը նույնպես խաչվեցին, որոնք չար գործելու համար արդեն անպիտան են և պիտի միայն բարին գործեն: Ձեռքերը բացած տանելով դեպի սիրտը և ասելով «Ամեն», հաստատում ենք և համաձայնվում այդ ամենին /ՙամեն» եբրայերեն բառ է, որ նշանակում է «թող այդպես լինի», «ճշմարիտ է»/: Ի դեպ, հայերենում «խաչակնքվել» բառն ինքնին ճիշտ է արտահայտում իմաստը՝ խաչ և կնքվել, խաչի կնիքը դնել մեզ վրա. այսինքն՝ կնքվել Ավետարանի ողջ ճշմարտությամբ, իսկ կնքվողը պատկանում է կնքողին՝ Աստծուն: