Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ծնվել է 1951–ի օգոստոսի 21–ին ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում: 1966–ին ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարան: 1970-ի դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս նախասարկավագի տոնի օրը, ձեռնադրվել է սարկավագ: 1971–ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Հոգևոր Ճեմարանը, նշանակվել տեսչի օգնական` միաժամանակ դասավանդելով «Նոր Կտակարան» առարկան: 1972–ին ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպ. Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին աբեղա: Նույն թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել է Վիեննա` ուսումը շարունակելու տեղի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում:
1975–ին նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ, միաժամանակ շարունակել աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում: 1979–ին վերադարձել է Մայր Աթոռ և Վազգեն Ա Կաթողիկոսի տնօրինությամբ մեկնել Զագորսկ` ուսումնառությունը շարունակելու Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում:

1990–ից նշանակվել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ: 1995–ի կաթողիկոսական ընտրության ժամանակ Գարեգին արք. Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր: Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը` հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի: 1997-1999–ին Գարեգին արք. եղել է ՀՀ նախագահին առընթեր Ներման հարցերի հանձնաժողովի անդամ:
1999–ի հոկտեմբերի 27-ին Ազգային եկեղեցական ժողովը Գարեգին արք. Ներսիսյանին ընտրում է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց: Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ընտրյալ Գարեգին Բ Կաթողիկոսի կաթողիկոսական ձեռնադրությունն և օծումը: