Էջմիածնի Մայր Տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է
Էջմիածնի Մայր Տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո` հեթանոսական տաճարի տեղում (Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը)։
Մայր Տաճարը կառուցվեց Հայ Եկեղեցու առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին իջավ երկնքից եւ ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։
Ս. Գրիգոր Լուսավորիչն ու Ս. Տրդատ թագավորի և նրա կնոջ՝ Աշխեն թագուհու ընտանիքը ժողովրդին առաջնորդեցին Միածնի իջման վայրը եւ կառուցեցին Մայր Տաճարը։ Սուրբ Էջմիածինը նաեւ կոչվում է «լույսով լուսավորված», քանի որ ոչ թե կառուցվեց մահկանացու ճարտարապետների կողմից, այլ հիմնվեց երկնավոր Ճարտարապետի կողմից, որն իր լույսով լուսավորելով, ուրվագծեց նոր եկեղեցին։ Պեղումների ժամանակ V դարի շինության ներսում հայտնաբերվեց նա7 թրծած կավից պատրաստված հնոցատիպ կրակարան, որի մեջ դեռ մնացել էին ածխի մնացորդներ։
Հատկանշական է, որ հայտնաբերված հնագույն ավագ խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ։