Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր բարձրագույն աստիճանը կաթողիկոսն է
Կաթողիկոս նշանակում է ընդհանուր և գերագույն պետ, նաև հայրապետ, եպիսկոպոսապետ, քահանայապետ: Ամենայն Հայոց կաթողիկոսը հայ ժողովրդի հոգևոր առաջնորդն է: Կաթողիկոսն է հրավիրում եկեղեցական ժողովներ, հաստատում նոր թեմեր, ձեռնադրում եպիսկոպոսներ, օրհնում սուրբ մյուռոնը և այլն:
Հին ժամանակներում կաթողիկոսն էր օծում Հայոց թագավորին: Ամենայն Հայոց կաթողիկոսին սովորաբար ընտրում են եպիսկոպոսներից:
Ընտրությունը կատարում է Ազգային-եկեղեցական ժողովը: Այդ ժողովին մասնակցում են Հայաստանի և սփյուռքի հայկական համայնքների հոգևորական ու աշխարհիկ պատգամավորները: Ընտրությունը տեղի է ունենում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում: Ընտրությունից հետո Մայր տաճարում կատարվում է կաթողիկոսի ձեռնադրության և օծման հանդիսավոր արարողությունը: Այդ արարողությունը կատարում են 12 եպիսկոպոսներ: 1999 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Գարեգին Բ Ներսիսյանը: Վեհափառը մեր եկեղեցու 132-րդ կաթողիկոսն է: