Վիպասան, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի այրին բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին
Վիպասան, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի այրին բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է.
<<Ներեցեք, բայց իրավիճակը ստիպում է այս կերպ դիմել Ձեզ՝ 2 կարեւոր հարցի առիթով.
Իհարկե, ես գիտեմ, որ տարածքի տրամադրումը ոչ թե Մշակույթի նախարարության, այլ Քաղաքաշինության նախարարության եւ Պետգույքի կառավարման վարչության իրավասության ներքո է, սակայն Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարանի ստեղծման մասին իմ՝ Ձեզ ուղղված խնդրանքի պատասխանը ես նորից ստացա Մշակույթի նախարարությունից։
Մի՞թե նրա ստեղծագործական ժառանգությունը՝ արխիվ, նկարներ, գրադարան, այդպես էլ կմնա անհայտության մեջ ինձնից հետո։
Հասկանալի է, Ցեղասպանության 100-ամյակը կմթագնի գրողի 90-ամյա հոբելյանը։ Բայց համազգային արդարադատության պահանջի հետ պետք է արդարություն հաստատել նաեւ սեփական տանը։ Պետք է Աղասի Այվազյանին վերադարձնել «Երազ իմ երկիր» երգի հեղինակային իրավունքը, քանզի Ռոբերտ Ամիրխանյանը միայն երգի երաժշտության հեղինակն է։
Ահա՝ մեր ժամանակակից մշակույթի 2 կարեւոր խնդիրները, ինչի լուծման համար ես դիմում եմ Ձեր բարձրագույն միջամտությանը՝ ցավոք բաց տեքստով>>։
Աղասի Այվազյանի արվեստանոցի տարածքի խնդիրը տարիների պատմություն ունի. Դեռևս արվեստագետի կենդանության օրոք հարցը բարձրացվել էր Երևանի քաղաքապետարանում: Քաղաքային իշխանությունը, մեր տեղեկություններով անգամ հարցին դրական լուծում տալու պատրաստակամություն է հայտնել, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով տարածքն այդպես էլ չի տրամադրվել: Աղասի Այվազյանը դեռ կենդանության օրոք արվեստանոցի էր վերածել Արաբկիր վարչական շրջանում գտնվող սեփական բնակարանը: Իբրև լրագրող՝ մի քանի ագամ առիթ եմ ունեցել Աղասի Այվազյանի արվեստանոցի վերածված բնակարանում հարցազրույց վարել նրա հետ. բնակարանում քայլելու տեղ պարզապես չկար, հյուրասենյակը լեփ-լեցուն էր նկարներով, ձեռագրերով, գրքերով ու քանդակներով: Աղասի Այվազյանը՝ իբրև արվեստագետ և մարդ, այս հարցում բացառիկ համեստ էր, և այս խնդիրը բարձրաձայնել չէր սիրում: Մի անգամ, երբ իբրև Երևանի քաղաքապետարանի <<Մայրաքաղաք>> ծրագրի լրագրող հերթական անգամ հարցազրույցի էի գնացել Աղասի Այվազյանի մոտ, նրա տիկինը հրաժեշտի ժամանակ ակնարկեց տարածքի հատկացման մասին: Աղասի Այվազյանը բարկացավ. <<Հարցը առկա է, դիմել ենք քաղաքապետարան, իրենց որոշելիքն է՝ կհատկացնեն, թե ոչ: Հիմա ի՞նչ ժամանակն է այդ մասին խոսելու>>: Իբրև լրագրող՝ չկարողացա զարմանքս թաքցնել. <<Փաստորեն քաղաքապետարանը Ձեր հարցին դրական լուծում չի տվե,լ ու Դուք այսքան գովեստո՞վ եք խոսքում քաղաքապետարանի ծրագրերի մասին>>:
Երևանի քաղաքապետն այն ժամանակ Երվանդ Զախարյանն էր, և դա այն ընթացքն էր, երբ Երևանում մեծ թափով կառուցապատման աշխատանքներ էին ընթանում, կառուցվող Հյուսիսային պողոտան ավարտական փուլում էր, կառուցվում էր Սարալանջի արագընթաց մայրուղին: Աղասի Այվազյանը Երևանի կառուցապատման ու զարգացման մեծ սիրահար էր, բոլոր ծրագրերի մասին խոսում էր բացառիկ ոգևորությամբ, բնակարանի պատուհանից ցույց էր տալիս շինհրապարակները և ասում, որ Երևանի կառուցումը այընտրանք չունի. <<Հայի կառուցածը չի կարող վատը լինել: Հայ վարպետի ձեռքով ստեղծված շենքը չի կարող ազգային չլինել: Մենք կառուցել ենք Բաքուն, կառուցել ենք Թբիլիսին, բայց մենք մերը չունեինք, որովհետև Երևանը նոր-նոր է դառնում մեծ քաղաք, մինչ այդ մեծ գյուղ էր: Մենք Երևանի շնորհիվ ունեցանք քաղաքային մշակույթ: Քաղաք չունեինք, որովհետև պետություն չունեինք, ամենամեծ մշակույթը պետություն ունենալն է>>,- ասում էր նա:
Վարպետն արդեն վատառողջ էր, հիշում եմ՝ նաև նրա պատասխանը, երբ հարցրի որպիսությունը. <<Դեղերն արդեն ինձ չեն օգնում, միակ բանը, որ օգնում է ինձ, շինարարության աղմուկն է>>: Հիշում եմ նաև, որ նեղված էր, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը իրեն դեռ չէր շնորհվել: Հենց այդ տարի՝ 2007 թվականին՝ մահվանվից երկու ամիս առաջ, Աղասի Այվազյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը. նրան մի կերպ, օգնելով բարձրացրին բեմ՝ հուշամեդալն ստանալու, հուզմունքը չէր կարողանում զսպել. <<Ամեն տեսակ կոչում ու մեդալ ունեմ, ինչ ասես՝ ստացել եմ, բայս սա իմ ստացած ամենամեծ կոչումն է>>,- բեմից ասաց նա:
Փաստորեն, Երևանի ամենաիսկական քաղաքացին այսօր անկյուն չունի Երևանում՝ ցուցադրելու իր արվեստը: Սա իսկապես ամոթ է, հատկապես որ Երևանում վաղուց արդեն սեփական արվեստանոցներ ու տարածքներ ունեն Այվազյանի ստվերի հետ անգամ չհամեմատվող մերօրյա աստղերն ու աստղուհիները: Նրանք ոչ միայն տարածքներ ունեն, այլև կառավարության որոշմամբ՝ տասնյակ միլիոնների հասնող պետական դոտացիա են ստանում՝ հրապարակներում մեկ ժամ երգելու, դպրոց- ստուդիա բացելու և տարատեսակ այլ բաների համար: Աղասի Այվազյանն, իհարկե, Աղասի Այվազյան է նաև առանց թանգարանի կամ արվեստանոցի, բայց տուն-թանգարան ստեղծելը անհրաժեշտ է նախ Երևանին, որովհետև դա կլինի բացառիկ վայր՝ իսկական երևանյան երանգներով:
Կարինե Սարիբեկյան