Մարդն ինչպես որ պահպանվում է առաքինությամբ, այդպես էլ ապականվում է մոլությամբ

Ահա և որևէ օգտակար դեղ առողջություն չի պարգևում, եթե չարգելվեն վնասակար կերակուրներն ու ըմպելիքները, և երկիրը պտուղներով չի բարգավաճում, եթե արմատախիլ չլինեն անպիտան փշերն ու խոտերը:
Քանզի մարդն էլ ինչպես որ պահպանվում է առաքինությամբ, այդպես էլ ապականվում է մոլությամբ՝ ոչ միայն բարոյապես, այլև ֆիզիկապես, որովհետև մոլությունները ոչ միայն չար են, որովհետև հակառակվում են ուղիղ բանականությանն ու աստվածային օրենքին, այլ նաև վնասակար են, որովհետև խանգարում են կազմվածքն ու մահն արագացնում:

Պողոս Ադրիանապոլսեցի

Նոր հրատարակություն. Գէորգ Դ. և իւր ժամանակը (1812-1882)

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Վահրամ եպիսկոպոս Մանկունու «Գէորգ Դ. և իւր ժամանակը (1812-1882)» երկը, որ նախապես հրատարակվել էր Փարիզում «Վեմ» ամսագրի 1933-1937 թթ. համարներում:
Գիրքը նվիրված է Հայոց Եկեղեցու ամենանշանավոր դեմքերից Ամենայն Հայոց Գևորգ Դ. Կոստանդնապոլսեցի Կաթողիկոսին (1866-1882 թթ.): Ժամանակի իրադարձություններին քաջատեղյակ և շատ հաճախ անմիջական մասնակից Վահրամ եպիսկոպոսը սույն ուսումնասիրությամբ ոչ միայն ներկայացնում է Գևորգ Դ. Կաթողիկոսի ստույգ կենսագրությունը, այլև տվյալ ժամանակաշրջանի Հայոց Եկեղեցու վավերական պատմությունը:
Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին նվիրված այս հրատարակությունը աշխատասիրել և ծանոթագրել է Գևորգյան ճեմարանի դասախոս պ.գ.թ., դոցենտ Պետրոս Հ. Հովհաննիսյանը: 
Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:

Երեմիա Օշականցու մատենագրական վաստակը

Երեմիա Օշակացու մասին մեզ հասած տեղեկությունները հիմնականում իր իսկ ձեռագրերի հիշատակարաններից են, որոնցից դատելով՝ նա ձեռագրեր է ընդօ­րի­նակել ու ծաղկել դեռևս իր սարկավագության տարիներին: Օրինակ, Մ. Մաշտոցի անվան Մատե­նադարանի (այսուհետ՝ ՄՄ) Հմր 10677՝ 1757 թվականից հետո Էջմիած­նում գրված «Յակո­բայ Շամախեցւոյ հաց նեղաւորաց եւ գոհարան» ձեռագրի հիշա­տա­կա­րանում նշվում է. «…նաեւ զիս՝ ըզ Երեմիաս զսարկաւագս հանճարա­պա­կասս, որ գրեցի եւ ծաղկեցի զայս …»:

 Մատենադարանի մեկ այլ՝ դարձյալ Էջմիածնում 1760-1761 թթ. գրված Հմր 2646 «Մովսէս Կաղանկատուացի. Պատմութիւն Հայոց» ձեռա­գրի ծաղկողը ևս Երեմիա սար­կավագն է. «Եւ ես խնդրեմ ի ձէնջ յիշել ի Քրիստոս զթարմա­տար եւ զբազմամեղ, զգանա­պարտական եւ զպատժապարտ, զպար­սաւա­պատեհ ծառայս նորին եւ ձեր ամենեցուն զդպիրս Ղունկիանոս զտաժան­մամբ գծօղս սորա եւ մանաւանդ զծաղկօղս սորին զԵրեմիաս սարկաւագս՝ զհարա­զատ պաշտօ­նեայս սոյն մեծի հայրապետիս…»: Վերոնշյալ հիշատա­կարանները վկայում են, որ դեռևս երիտասարդ հասակից Երեմիան ունեցել է նկարչական բարձր ճաշակ ու հմտորեն տիրապետել հիշյալ մասնագիտությանը:

Հայ մանրա­նկարիչների մատենագիտական ցանկում արվես­տա­բան Ա. Գևորգ­յանը հիշատա­կում է Երեմիա Օշականցուն, որը ստեղծագործել է 18-րդ դ. երկրորդ կեսին և Սիմեոն Երևանցու պատվերով ձեռա­գրեր նկարա­զարդել Էջմիած­նում: Հայ մանրա­նկարչական ար­վեստն ըստ Ա. Գևորգյանի՝ շուրջ տասնչորս հարյուրամյակի (6-19-րդ դդ.) պատմու­թյուն ունի և «…իր ոճական առանձնայատկութիւնների, գեղարուեստական բարձր մակարդակի, ընդգրկած թեմաների եւ դրանք ստեղծող տաղանդաւոր նկարիչների շնորհիվ, այսօր համաշխարհային ճանաչման է արժա­նացել ու գիտական բազմաթիւ ուսումնա­սիրութիւնների նիւթ դարձել»:

Մաշտոցյան Մատենադարանում են պահվում Երեմիայի նկա­րա­զարդած երկու ձեռա­գիր «Մաշտոց ձեռնադրութեան» (ՄՄ Հմր 2891, 2892), որոնց գրիչը Եփրեմ վարդա­պետն է՝ հետագայում Եփրեմ Ա. Ձորագեղցի (1809-1830) կաթողիկոսը: Ըստ ՄՄ Հմր 2891 ձեռագրի գրչության ծավալուն հիշատակարանի՝ վերջինս ՙնոտարական արհես­տին՚ տիրապե­տելու համար պարտական է Երեմիային. «…քանզի ի նմանէ ունիմ ուսեալ զգիրս, որ մեծաւ երկամբ եւ աշխատութեամբ ուսոյց ինձ զարհեստս նօտարութեան, որում Տէր լիցի վարձա­հատոյց»: Եփրեմ վարդապետը Երեմիային իբրև ուսուցիչ է բնորոշում նաև հիշա­տա­կարանի վերջում. «Յիշեսջիք և զծաղկօղ սորին և ուսուցիչն ինձ զարհեստս նօտա­րութեան զԵրեմիա արքեպիսկոպոսն վերոյ յիշեցեալ, հանդերձ ծնողօք իւրովք»:

Մատենադարանում պահվող ևս չորս ձեռագրի (ՄՄ Հմր 1056, 1817, 2646, 10677) գրիչ և ծաղկող Երեմիային Ա. Գևորգյանըպայմանականորեն նույնաց­նում է Երեմիա Օշականցու հետ, քանի որ Երեմիա գրիչը ևս գործել է 18-րդ դ. երկ­րորդ կեսին և ձեռագրեր ընդօրինակել Էջմիածնում:

Կարծում ենք՝ հիշյալ ձեռագրերի մանրանկարչության համադրությունն իսկա­պես հաս­տատում է Ա. Գևորգյանի տեսակետը.նպատակ չունենալով խորանալ արվեստաբանական հարցերի քննության մեջ, գտնում ենք, որ դրանք աչքի են ընկնում նկարազարդման մանրամասների՝ կիսախորանների, ճակատազարդերի, լուսանցազարդերի (բուսական, թռչնային, սափոր), վերջնազարդերի (ծաղկային), զարդագրերի (թռչնագիր, կենդանագիր) բա­զում ընդհանրություններով: Առանձնանշելի են հատկապես ՄՄ Հմր 2891 և ՄՄ Հմր 2892 ձեռագրերի գրադաշտի խորանակերպ զարդանկարներով սյունակները: Գունազարդ­ման տեխնիկան ևս նմանօրինակ է. Երեմիա ծաղկողն առատորեն օգտագործում է ոսկի, գույներից գերակշռող են վառ կարմիրը, ծիրանին, կապույտը, կանաչը (նկ. 2-11):

Վերոնշյալ ձեռագրերի հիշատակարանները հաճախ բովանդա­կալից են. դրան­ցում մանրա­մասն տեղեկություններ են հաղորդվում գրչության շարժա­ռիթների ու նպատակի, գունա­զարդման տեխնիկայի, ոսկու օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ: Հիշատա­կա­րաններում բազ­միցս հանդիպում են Երեմիային ուղղված «գծող», «գրագիր», «նրբարուեստ նկարա­կերտ», «գեղեցկագիր նօտար», «գրիչ», «ծաղկող», «խորհրդական դպիր» և այլ նմանատիպ բնորոշում­ներ, որն ինչպես վերը նշեցինք, արտահայտված էր նաև տապանագրում: Օրինակ, վերո­նշյալ ՄՄ Հմր 2891 ձեռագրի հիշատակարանում կարդում ենք. «Զոր տեսանելով շնոր­հընկալ եւ օրհնածին որդւոյ սոյնոյ տեառնս մերոյ սրբազնկա­տար վեհապետի տեառն Երեմիայի արքեպիսկոպոսի յՕշականցւոյ, քաջ քարտուղարի եւ գեղեցկագիր նօտա­րի Աստուածաէջ սրբոյ գահիս եւ նրբարուեստ նկարակերտի, շարժեցաւ եւ նա ի յիղձ բարի երփնազարդել զսոսա գեղեցկագոյն ծաղկօք եւ ձագա­գրօք, եւ յազնիւ եւ ի զա­նազան երանգոց, եւ ի մաքուր ոսկւոյ…»: Այս բավականին ուշա­գրավ հիշատակա­րա­նը փաստացի տեղեկություններ է հաղորդում Երեմիայի՝ Մայր Աթոռում զբաղեցրած պաշտոն­ների ու նկարազարդման նյութերի վերաբերյալ: Նա հիշ­վում է ոչ միայն իբրև «քաջ քարտուղար» և «գեղեցկագիր նօտար», այլև «նրբարուեստ նկարակերտ», որը զանազան գեղեցիկ գունային երանգներով ու մա­քուր ոսկով նկարազարդել-ծաղկել է ձեռագիրը: Ի դեպ, ուշագրավ է նաև Մայր տա­ճարի՝«Աստուածաէջ սրբոյ գահ» ձևով հիշատակումը:

1767-1768 թթ. Էջմիածնում գրված ՄՄ Հմր 2 «Պետրոս Աղամալեան-Բերդումեան. Աղբիւր բացեալ» ձեռագրի ստացողը նույն ինքը Երեմիա եպիսկոպոս Օշականցին է, իսկ գրիչը՝ Մայր Աթոռի նշանավոր նոտար Ղունկիանոս Աշտա­րակեցին. վերջինս և իր մայրը թաղված են Ս. Էջմիածնի միաբանական գերեզմա­նոցում: Ձեռագրի Հայոց ՌՄԺԷ. (1768) թվակիր ծավալուն և բավականին խոսուն ստացողի հիշատակարանը, որ ըստ ամենայնի՝ Երեմիայի ինքնագիրն է, ամփոփում է տեղեկություններ նրա ծննդավայրի, ձեռագրի պատվիր­ման շարժառիթների, աշխա­տանքի, զբաղվածության և այլևայլ հարցերի վերաբերյալ: Նա հայտնում է, որ իր իղձն ու ցանկությունն էր ամբողջական ունենալ Ավետարանի առակների մեկնություն­ները, որի համար խնդ­րանքով դիմել է ժամանակի նշանավոր աստվածաբան, փիլի­սոփա, Ս. Էջմիածնի միա­բան Պետրոս եպիսկոպոս Նախիջևանցուն, որը և ընդա­ռաջել է նրան: Սակայն, աշխատանքի ծանրաբեռնվածու­թյունը թույլ չի տվել, որ Երեմիան անձամբ գրեր իր մատյանը, որի մասին հաղորդում է հետևյալը. «Զոր և յետ յաւարտ և ի կատարումն հասու­ցանելոյն, շնորհեաց ինձ՝ ամե­նանուաստ Երեմիա յոգնամեղ եպիսկոպոսիս, հաւա­տով և սիրով խնդրողիս և փափագողիս սոյնոյ աստուածային յորդառատ և զովա­ցուցիչ աղբեր։ Եւ ես, ի նոյնոյ հեղինակէն, երկրորդաբար գրեցուցի զսա արդար վաս­տա­կօք իմովք այլոյ ումեմն եղբօր, վասնզի ես չունէի ժամ գրելոյ՝ վասն նօտա­րական և ծաղկարարականգործոյս իմոյ ծանրութեան և մշտաշխատութեան, որպէս զի որքան կենդանիս եմ՝ վայելիցեմ զսա և յետ մահուան իմոյ լիցի անջնջելի յիշատակ հոգւոյ իմոյ և ի վայելս տիրացու Զաքարիայ եղբօրորդւոյն իմոյ»: Հիշատակա­րանից պարզվում է, որ դյուրին չի եղել Երեմիա Օշականցու աշխա­տանքը, նոտարական ու ծաղկարարական գործն այնքան մեծ ժամանակ է պահանջել նրանից, որ չի կարողացել անգամ իր համար ցանկալի ու երկար սպասված գործն անձամբ գրել:

Գրիչ, ծաղկող Երեմիա օշականցին տպագիր աշխատություններում

Երեմիա Օշականցին իբրև արհեստավարժ ծաղկող քանիցս հիշատակվում է Մա­ղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի և Գյուտ ավագ քահանա Աղանյան­ցի աշխա­տություններում: Վերջինս Երեմիային բնորոշում է իբրև «սիրուն գեղագիր», «ընտիր քարտուղար», «նրբարուեստ նկարող և ծաղկագրող». «Այս Երեմիան մի շատ սիրուն գեղագիր էր, ընտիր քարտուղար, նրբարուեստ նկարող և ծաղկագրող զանազան գոյներով և մաքուր ոսկով»: Ս. Էջմիածնի նվիրակության թեմերի ցանկը ներկա­յացնելիս, Գյուտ Աղանյանցըհիշատակում է կազմողին՝ նոտար Երեմիա Օշական­ցուն, որը «Սիմէոն կաթուղիկոսի նախապատիւ սպասաւոր, Մկրտիչ արքեպիսկո­պոսի սանիկն էր և վերջը հասաւ արքեպիսկոպոսութեան աստիճանին»: Վերջին տեղեկությունը կարևորվում է այնքանով, որքանով որ պարզում է Երեմիայի՝ Սիմեոն կաթողիկոսի սպասավորներից Մկրտչի սանիկը լինելու հանգամանքը: Նշենք, որ Մկրտիչը վախճանվել է 1789 թ. հուլիսի 8-ին և թաղված է Ս. Էջմիածնի միա­բանական գերեզմանոցում: Օրորոցաձև տապանաքարի հնգատող վիմագրում նա դարձյալ հիշ­վում է իբրև Սիմեոն վեհի մեծ պաշտոնյա: Ս. Հռիփսիմե վանքի հյուսիսարևմտյան հին պարիսպն իր բուրգերով ու կամարակապ դարպասով կառուցվել է վերջինիս մի­ջոց­ներով` 1776 թ., որի մասին է վկայում դարպասի արևելահայաց որմին ագուց­ված քարի շինա­րարական արձանագրությունը. «…շինեցաւ արտաքին պարիսպ Ս⌊ր⌋բ⌊ո⌋յ վանիցս, հանդերձ երկու բրքովքն, եւ կամարակապ դրամբս՝ արդեամբք Տ⌊եառ⌋ն Սի­մէօնի ս⌊ր⌋բ⌊ա⌋զ⌊ա⌋ն կ⌊ա⌋թ⌊ո⌋ղ⌊ի⌋կ⌊ո⌋սի սպասաւոր Մկրտիչ եպ⌊ի⌋ս⌊կո­պո­ս⌋ին…»:

Երեմիա Օշականցու կազմած «Ս. Էջմիածնի նուիրակութեանց թէմերը» մատյանի վերջում առկա է ծավալուն հիշատակարան, որը հրատարակել է Գ. Աղանյանցը: Ըստ հիշատակարանի՝ Սիմեոն կաթողիկոսի բաղձանքն էր կազմել մատյաններ ու ցուցակներ, որոնցում պետք է արձանագրվեին. «…թեմք և վիճակք սրբոյ Աթոռոյս. թէ որք նուիրակացն սորին էին շրջագայելիք և թէ որք առաջնորդացն ի Հայրապետաց սորին կարգելոց հովուելիք»: Հայրապետի՝ միանգամայն մեծ կարևորություն ունե­ցող նախաձեռնությունն իրականացվում է Երեմիա նոտարի ձեռքով: Ավելորդ չենք համարում այստեղ ևս մի հատված մեջբերել հիշատակարանից. «Ես՝ նուաստա­գունեղ ծառայս նորին և ձերումդ ազնուութեան Երեմիա աբեղայս՝ նօտարս սրբոյ գահիս, հաւաստի տեղեկութեամբ, անթե­րութեամբ և ուղիղ դասութեամբ ժողովեցի ի մի վայր զընդհանուր թեմս և զվիճակս սրբոյ Աթոռոյս. զքաղաքս, զղասապայս, և զգլխաւոր գիւղօրայս նոցին յիւրաքանչիւրումն դասու: Զի ես յիմում ժամանակի և յետագայքն իմ յիւրաքանչիւր դարս անաշխատ գտցուք և գրեսցուք: …Ուստի և տեառն իմոյ սրբազանի կատարեցան բարի կամք, որ ի վաղուց կամէր այսմ այսպէս լինել… Գրեցաւ ի ՌՄԺԴ. (1765), յունիսի ԺԸ. (18)»: Այսինքն, հիշյալ թվակա­նից սկսած և հե­տագա տարիներին ևս պետք է շարունակաբար լրացվեին, կազմվեին ու ամբողջաց­վեին Մայր Աթոռի վերոնշյալ ցուցակներն ու գրանցման մատյանները:

Սիմեոն կաթողիկոսի՝ հիշյալ նախաձեռնությունների վերաբերյալ, ինչպես նաև դրանց իրագործումը Երեմիա նոտարին վստահելու առնչությամբ տեղեկու­թյուններ է հաղորդում նաև Մ. Օրմանյանը: Ըստ նրա՝ Սիմեոն Երևանցու ձեռնար­կումները. «…կը ծառայեն թէ գոր­ծունէութեանց կանոնաւորութիւն տալու, եւ թէ եղելութեանց նպատակն ու յիշա­տակը պահպանելու»: Նա նաև շեշտում է, որ վեհափառ հայրա­պետը. «…նու­իրա­կութեանց մասին տեղեկութիւններ հաւաքելու գործը յանձնեց Երեմիա նոտարին, որ նշանակէ իւրաքանչիւր թեմին նուիրակը, անոր արդիւնա­ւորութիւնը եւ զանազան խնդիր­նե­րը»: Այսօրինակ վկայությունները փաստում են Երեմիայի՝ Մայր Աթոռում զբաղեցրած բարձր դիրքը, կաթողիկոսից վստահություն, հարգանք ու սեր վայելելը, ինչպես նաև իր գործում հմուտ, գիտակ ու աշխատասեր լինելը:

Երեմիա Օշականցին քանիցս հիշատակվում է նաև ձեռնադրությունների ցուցակ­ներում: Այս առումով կարևորվում է հատկապես ՄՄ Հմր2 «Աղբիւր բացեալ» ձեռագրի վերոնշյալ հիշատակարանի վերջնամասը, ուր թվագրմանը զուգահեռ նշվում է. «Արդ գրեցաւ աստուածային բուրաստանս ի թուականիս մերում ՌՄԺԷ. (1768), ի վեցերորդում ամի հայրապետութեան վեհափառ տեառն մերոյ Սիմէօն սրբազան կաթուղիկոսին, յորմէ ընկալեալ եմ զերիս հոգևոր շնորհս, այսինքն՝ զքահանայութիւն, զվարդապետութիւն և զեպիսկոպոսու­թիւն…»: Հիշատակա­րա­նում հեղինակը, այս­ինքն՝ Երեմիա Օշականցին, հստակ մատնանշում է, որ իր երեք հոգևոր աստիճան­ները, որ են՝ քահանայություն, վարդապետություն և եպիսկոպոսու­թյուն, ստացել է Սիմեոն Երևանցի սրբազան հայրա­պետից:

Սիմեոն կաթողիկոսի «Յիշատակարան»-ի ձեռնադրությունների ցուցակում պահ­պանված մի ուշագրավ վկայության համաձայն՝ 1767 թ. Մայր Աթոռի միաբաններից մի քանիսի հետ եպիսկոպոսության աստիճան է շնորհվել նաև գրագիր Երեմիա Օշականցուն. «Ի ՌՄԺԶ. (1767) թուոջս. մետասաներորդ ձեռնադրեաց եպիսկոպոս, զմիաբանսն սրբոյ Աթոռոյս, զԵղվարդեցի լուսարար Գրիգոր վարդ., զԿարբեցի Սարգիս վարդ., զԱռնճեցի Յօսէփ վարդ., զՅօշականցի գրագիր Երեմիայ վարդ. … ի փետրվարի ԺԱ. (11)»: Հիշատակություններից մեկն էլ, որ ըստ էության՝ նույնանում է նախորդի հետ, կապված է Հնդկաց երկրի նվիրակ Հովհաննես վարդապետի փոխա­րեն նույն պաշտոնում նշանակված Սիմեոն կաթողիկոսի սպասավոր Հովսեփ վար­դապետի հետ: Քանի որ վերջինս եպիսկոպոս չէր, ուստի կաթողիկոսը «…ի ԺԱ. (11) աւուր փետրվ[ար] ամսոյն և ի բարեկենդանի միջի կիւրակէին, որ զկնի տօնի սրբոյ Հայրապետին Իսահակայ, ձեռնադրեաց զնա եպիսկոպոս: Ընդ որում ձեռնադրեաց ևս ի միաբանութիւն սրբոյ Աթոռոյս զԵղվարդեցի Գրիգոր (որ էր լուսարար սրբոյ գահիս). զԿարբեցի Սարգիս և զժամասած Ստեփաննոս և զՅօշականցի Երեմիա վարդա­պետսն, որ գրագիր էր սրբոյ Աթոռոյս»:

Գրագիր, ծաղկող Երեմիա Օշականցին և վերոհիշյալ Ղունկիանոս գրիչն ըստ ամենայնի՝ հիշատակվում են նաև Հակոբ Շամախեցու (Ամենայն Հայոց կաթողիկոս՝ 1759-1763) «Գիրք աղօթից, որ կոչի հաց նեղելոց» տպագիր աշխատության «Աղերս յիշատակի գծագրո­ղացն գրքոյս» բաժնում: Հիշման ու աղերսի տողերն այսպես են եզրափակ­վում. «Այլ և աղաչեմք յիշել վերջաբար. զերկոսին եղբարս՝ զնօտարս անկատար: ըզԵրեմիաս և զՂունկիանոսս. զնախագըրիչս տառիս փըրկարար: Զի զմեզ յիշելով և դուք յիշիջիք. յամենատեառնէն և զվարձս ընկալջիք… Իսկ թիւըն մեր յոր այսք աւարտեցան. հազար երկերիւր և մի եօթնական (1758)…»: Ըստ էության՝ տպագիր աշխատության համար հիմք հանդիսացող ձեռագիրը Երեմիայի ու Ղունկիանոսի գրչին է պատկանել: Կարծում ենք՝ խոսքը Էջմիածնում գրված վերոնշյալ ՄՄ Հմր 10677 «Յակոբայ Շամախեց­ւոյ հաց նեղաւորաց եւ գոհարան» ձեռագրի մասին է (չնայած նրան, որ Ա. Գևորգյանը ձեռագրի գրիչ և ծաղկող հիշատակում է միայն Երեմիային):
Ամփոփելով վերոշարադրածը՝ պետք է արձանագրել, որ 18-րդ դարի երկրորդ կեսին իր բեղուն գործունեությամբ ու բնատուր տաղանդով աչքի ընկած գրագիր, ծաղկող Երեմիա արքեպիսկոպոս Օշականցին Մայր Աթոռի միաբանության՝ տվյալ ժամանակի արդյու­նաշատ հոգևոր գործիչներից էր, որի ստեղծագործական ուղին նշանավորվեց ու լավագույնս դրսևորվեց հատկապես մատենագրության մեջ: Նա վախճան­վել է 1781 թ. հունիսի 23-ին: Ս. Էջմիածնի միաբանական գերեզ­մանոցում գտնվող օրորոցաձև տապա­նաքարի արձանագրությունը պարզապես լրացնում ու վա­վե­րացնում է նրա կյանքի ու գործունեության վերաբերյալ ցայսօր հայտնի փաստա­գրերը:

Հայոց Եկեղեցում Ս. Մյուռոնի գործածությունը գալիս է առաքելական ժամանակներից

Ըստ ազգային Ավանդության, որը մեջբերված է ԺԳ դարի նշանավոր աստվածաբան, մեկնիչ, տոմարագետ, մանկավարժ և պատմագիր Վանական վարդապետի «Հայ ազգի գովեստը» աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը: Հայաստան գալով` նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան: Այնուհետև առաքյալը մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը: Այդտեղ իջած լույսով և Ս. Գրիգոր Լուսավորչին երևացած տեսիլքի շնորհիվ Հայոց առաջին Հայրապետը գտնում է առաքյալի թաղած սուրբ յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին: 

Հետագայում մեր հավատքի հայր Ս. Գր. Լուսավորիչն այդ վայրում կառուցում է Ս. Հովհաննես Մկրտչի անունով մի եկեղեցի, որը հայ մատենագրության մեջ կոչվում է նաև «Եղրդուտի վանք» կամ «Ս. Շիշ յուղի վանք»: Եվ այսպես ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին: 

Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաև ևս մեկ անգամ շեշտում Սրբազան Ավանդության հանդեպ իր հավատարմությունը:

Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան

«Շավիղ»-ի միջոցառման ընթացքում Քաշաթաղի դպրոցականների համար գրենական պիտույքներ հավաքեցին. ֆոտոշարք

«Շավիղ» կրթամշակութային նախաձեռնության նպատակը հայ ավանդական արժեհամակարգի վեր հանումն ու տարածումն է, որի շրջանակներում «Շավիղ»-ի երիտասարները հանդես են գալիս բազմաբնույթ միջոցայումներով:

Օգոստոսի 21-ին «Շավիղ» նախաձեռնությունը իրականացրեց հայկական ավանդական մշակույթին նվիրված իր հերթական տոնախմբությունը:
Ազգագրական պարերից, երգերից, ազգային խաղերից կազմված միջոցառումը մեկնարկեց օգոստոսի 21-ի երեկոյան, «Շավիղ»-ի մասնակիցների համար արդեն հարազատ դարձած վայրում` Հալաբյան փողոցի սզբնամասում, Կիևյան կամուրջի հարևանությամբ գտնվող Թումանյանի այգում, «Թումո» կենտրոնի շենքի ներքևում գտնվող շատրվանների տարածքում:

Միջոցառման ընթացքում երիտասարդների նախաձեռնությամբ իրականացվեց նաև գրենական պիտույքների հավաք, որոնք շուտով կփոխանցվեն Քաշաթաղի շրջանի դպրոցականներին:


Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի

Վարդգես Պետրոսյան. «Կեսգիշերային զրույց»

Իմ ընկերներից մեկը վերջերս ստորություն արեց, և քանդվեց մեզ իրար կապող կամուրջը: Նա այդ կամուրջը պայթեցնելուց առաջ երևի չնայեց անգամ, թե ինչ է պայթեցնում: Իսկ նայել հարկավոր էր. վերջին անգամ պիտի տեսնես այն քարերը, որ շարել ես իրար վրա, միացրել հավատի շաղախով, պիտի վերջին անգամ հավատաս այն երազին, որով կամար ես սարքել: Հավատա ինձ, հայրի՛կ, ես չքանդեցի այդ կամուրջը: Ասում ես հաշտվելու փո՞րձ անեմ: Հաշտվում են թշնամիները, հայրի՛կ, իսկ մենք բարեկամներ ենք, որ մնացինք քանդված կամուրջի տարբեր ափերին: Մեր արանքում մնաց պղտոր մի գետ, և կցամաքի այդ գետն էլ, իսկ ցամաքած գետի վրա մարդիկ այլևս կամուրջ չեն սարքում…

Մարդու կյանքն էլ, երևի, գինի է, որ գոյանում է մանկության-խաղողը տրորվելուց` կյանքի ոտքերի տակ, որ քո ոտքերի պես բարի չեն, հայրիկ…

Պիտի վերջին անգամ հավատաս այն երազին, որով կամար ես սարքել:


Վարդգես Պետրոսյան
Մեջբերումներ «Կեսգիշերային զրույց» գրքից

Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի. ֆոտոշարք

Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցին գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Հրազդանի ձախ ափին, Իսրայելյան փողոց, 19 հասցեում:
Ըստ պատմական տվյալների` Երևանի բերդին հանդիման՝ Ձորագյուղի կամ Խնկելաձորի վերևում, Հրազդան գետի ձախ ափին, քրիստոնեության վաղ ժամանակներից գործում էր մի վանք-անապատ: Այն պարիսպներով շրջապատված մի ընդարձակ համալիր էր` բաղկացած Ս. Սարգիս, Ս. Գևորգ և Ս. Հակոբ եկեղեցիներից, առաջնորդարանի ու թեմական դպրոցի շենքերից, այգուց և այլ կառույցներից: Ս. Սարգիս եկեղեցին առաջնորդանիստ էր, իսկ անապատը՝ կաթողիկոսական իջևանատեղ: Ս. Սարգիս եկեղեցին վանք-անապատի հետ միասին ավերվել է 1679թ. մեծ երկրաշարժի ժամանակ և վերակառուցվել նույն տեղում Եդեսացի Նահապետ կաթողիկոսի գահակալության տարիներին (1691-1705թթ.): 

Ներկայիս Ս. Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842թթ.: Ներկայիս եկեղեցու բակում` Առաջնորդարանի կողքին կարող եք տեսնել 1679թ.-ի մեծ երկրաշարժի ժամանակ ավերված սրբավայրից մնացած սրբատաշ քարեր և խաչքարեր: 19-րդ դարում կառուցված եկեղեցին իր ներքին և արտաքին ճարտարապետական նկարագրով, հին Երևանի բոլոր եկեղեցիներից ամենաանշուքն էր: Արտաքին տեսքը՝ որպես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանիստ եկեղեցի, չէր համապատասխանում: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք այն ենթարկվեց հիմնական նորոգման և բարեզարդման: Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի 1972թ. կազմած նախագծի համաձայն, սկսվեցին Ս. Սարգիս եկեղեցու հիմնական նորոգման աշխատանքները: Եկեղեցու հին շենքը հիմնականում պահպանվել է, ճակատները երեսպատվել են Անիի նարնջագույն տուֆով և ունեն եռանկյունաձև խորշեր: 

Ճարտարապետ Ռ. Իսրայելյանի մահից հետո հետագա աշխատանքները շարունակել է նրա հեղինակակից, ճարտարապետ Ա. Գալիկյանը: 1971-1976թթ. հիմնովին բարեզարդվել է եկեղեցու ներքին տեսքը, արևմտյան կողմից երգչախմբի համար հավելվել վերնատուն: Վերնասրահում հիմնովին քանդվել են նախկին գմբեթն ու թմբուկը, փոխարենը կառուցվել է առավել բարձրադիր գմբեթ` բազմանիստ թմբուկով և պսակված հովհարաձև վեղարով: 

Շնորհաշատ քանդակագործներից Արտաշես Հովսեփյանի մտահղացումն է արևմտյան շքամուտքը, փայտե դուռը, իսկ շքամուտքից վեր գտնվող հարթաքանդակները Աղթամարի Սուրբ Խաչ տաճարի քանդակների թեմաներով են: Քանդակագործներ Ս. Դադոյանի և Մ. Հարությունյանի ջանքերով եկեղեցու ներսում գմբեթի տակ գտնվող առագաստների քանդակազարդ աշխատանքներն Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցու առագաստների քանդակների նմանությամբ են ստեղծվել: Ս. Սարգիս եկեղեցու հիմնական վերակառուցումն իրականացվել է լոնդոնաբնակ բարերար Սարգիս Քյուրքճյանի և նրա զավակների նվիրատվությամբ, որի մասին եկեղեցու արևմտյան բարավորի ներսում արձանագրվել է. «Ի Հայրապետութեան Տ. Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի Հայոց եւ փոխանորդութեան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոսի հիմնէ վերակառուցաւ եւ բարեզարդուեց Ս. Սարգիս եկեղեցիս արդեամբ լոնդոնաբնակ Գէորգի եւ Յովհաննէսի որդւոյն Սարգսի եւ Աստղիկի Քիւրքճեան յամի տեառն 1976 յամսեանն հոկտեմբերի ի վայելումն հաւատացելոցն քաղաքամայր Երեւանի. ճարտարապետք Ռաֆայել Իսրաելեան եւ Արծրուն Գալիկեան»: Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվել է 1976թ. նոյեմբերի 3-ին: 
Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինն իր քարոզում նշել է. «Քաղաքամայր Երևանն օժտվեց մի նոր զարդով, հայկական ճարտարապետության մի նոր կոթողով, աղոթքի սքանչելի սրբավայրով»: 

Եկեղեցուն կից զանգակատան և մոմավառության սրահի շինարարությունը սկսվել է 1999 թվականին` Տ.Տ. Գարեգին Ա Կաթողիկոսի գահակալության օրոք, որի մասին մեզ հուշում է նաև զանգակատան, մուտքի աջ կողմում գտնվող պատի փորագիր արձանագրությունը: Ս. Սարգիս եկեղեցու զանգակատան կառուցումը ավարտվել է: 2000թ.-ին:

Զանգակատանը հակադիր կողմում գտնվում է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանը: 
Դեպի առաջնորդարան տանող ճանապարհին` եկեղեցուն կից արդեն Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության օրոք կառուցվել է աղբյուր և կամար, որի ճակատային մասում տեսնում ենք փորագրված` «Արարատյան Հայրապետական թեմ»:




Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի