«Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրում է դիտելու 1988թ.-ի Չիլիի դեպքերը ներկայացնող No ֆիլմը

Ֆիլմը ներկայացնում է 1988թ.-ի Չիլիի դեպքերը, երբ Չիլիի ռազմական բռնապետ Ավգուստո Պինոչետը հայտարարեց սահմանադրական փոփոխությունների մասին: Դրա արդյունքում նա պետք է երկարացներ իր իշխանությունը: Իրականում հակառակը տեղի ունեցավ, հանրությունը համախմբվեց, և «Ոչ»-ի միջոցով տապալեց Պինոչետի սահմանադրական պլանները:

Ռեժիսոր՝ Պաբլո Լարրիանա
Գլխավոր դերում՝ Գաել Գարսիա Բեռնալ

Մուտքն ազատ է:
Ազբյուրը` facebook.com

Հանդիպում համաշխարհային կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանի հետ

Հուլիսի 28-ին` ժամը 20.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա համաշխարհային կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանի «Բնիկները», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջը» ֆիլմերի ցուցադրությունը: Այնուհետև երկրպագուները հնարավորություն կունենան տեսնելու ու անկաշկանդ զրուցելու հենց Վարպետի հետ:

Երեկոյի կազմակերպիչն է ՀՀ Մշակույթի նախարարությունը, աջակիցներն են «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունն ու «Մոսկվա» կինոթատրոնը:
Մուտքն ազատ է:

Աղբյուրը` facebook.com

«Զանգակ»-ը հրավիրում է «Ծաղրասարյակ սպանելը…» վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսին

«Զանգակ» հրատարակչությունը սիրով հրավիրում է Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը…» դասական վեպի հայերեն հրատարակության շնորհանդեսին, որը կկայանա հուլիսի 30-ին՝ ժամը 19.00-ին, «LOFT» կենտրոնում:
Շնորհանդեսը կվարի գրականագետ Հայկ Համբարձումյանը: Վեպի գեղարվեստական ու թարգմանական առանձնահատկությունների մասին կխոսեն գրականագետ, բանաստեղծ Վահե Արսենը, վեպի թարգմանիչ Արամ Արսենյանը, թարգմանական խմբագիր Արթուր Մեսրոպյանը և հրատարակության մյուս պատասխանատուները:

«Ծաղրասարյակ սպանելը մեղք է: Բայց ավելի մեծ մեղք է մանուկ հոգիները խաթարելը, հեքիաթին հավատալու անխառն զգացումը խեղդելը, մանկական երազանքները կյանքի դառն իրողություններով սպանելը:
Սրա դեմ է ընդվզել Հարփըր Լին և գրել է մի գիրք, որը հաճելի, նույնիսկ կասեի` անհրաժեշտ է կարդալ: Իսկ թարգմանելը կրկնակի հաճույք էր»:
Արամ Արսենյան

Աղբյուրը` facebook.com/

Օծվեց Նոր Հաճընի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Հուլիսի 22-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Նոր Հաճըն քաղաքի նորակառույց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: 
Եկեղեցին, որի հիմնարկեքը կատարվել էր 2011 թվականին, կառուցվել է տիար Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ: Եկեղեցու նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ նախագահին եկեղեցու առջև դիմավորեցին Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, եկեղեցու բարերար Գագիկ Ծառուկյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Նոր Հաճընի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը և բազում ուխտավոր հայորդիներ: 
Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, հոգևորականաց դասի ուղեկցությամբ մուտք գործեց նորակառույց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը: 
Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը: Խորանի սյուների, Մկրտության ս. ավազանի և խորանի շուրթի օծումը կատարվեց ձեռամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տավուշի թեմի առաջնորդ և Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի: 

Օծումից հետո կատարվեց եկեղեցու անվանակոչությունը: Վեհափառ Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Ս. Ամենափրկիչ: 
Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այս ուրախալի առիթով իր օրհնության պատգամը բերեց արարողության մասնակիցներին և Նոր Հաճընի բնակիչներին:
«Մեծ է բոլորիս ուրախությունն այսօր. Հայոց աստվածօրհնյալ երկնակամարի ներքո մի նոր աղոթատուն` Նոր Հաճընի շքեղաշուք Սուրբ Ամենափրկիչ այս եկեղեցին, իր դռներն է բացում հավատավոր մեր ժողովրդի առջև: Գոհություն ենք մատուցում Երկնավոր Տիրոջը, որ հերթական անգամ Մեզ առիթն ու հնարավորությունն է ընձեռում կատարելու նորակառույց եկեղեցու օծման հոգենորոգ արարողությունը:
Սիրելինե՛ր, Եկեղեցին փրկության տապանն է, որը այս կյանքի խռովահույզ ծովում մեզ առաջնորդում է դեպի խաղաղության հանգրվան՝ դեպի բաղձալի նավահանգիստը փրկության, որն Աստված է պարգևում: Քրիստոնյայի երկրավոր կյանքի ճանապարհը ուղևորություն է դեպի այդ օրհնյալ հանգրվանը, որին առանց Եկեղեցու առաջնորդության անհնար է հասնել: Ինչպես Ընդհանրական Եկեղեցու հայրերից Սուրբ Կիպրիանոսն է ասում. «Չիք փրկութիւն յարտաքոյ Եկեղեցւոյ» (Եկեղեցուց դուրս փրկություն չկա): Յուրաքանչյուր նորաօծ եկեղեցու հետ մեր կյանքում բացվում է երկնային շնորհների և օրհնության մի նոր աղբյուր` զորացնելով առ Աստված հավատքը և առավել հաստատուն դարձնելով հույսը դեպի փրկություն: Փառք Տիրոջը, որ Սուրբ Ամենափրկիչ Եկեղեցու միջոցով փրկագործ այս առաքելությունը զորանալու և արգասավորվելու է նաև Նոր Հաճըն քաղաքում:
Մենք Աստծո նախախնամությունն ենք տեսնում, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական այս օրերին է օծվում և մեր ժողովրդի կյանքում իր առաքելությունն սկսում Նոր Հաճընի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Հաճընը պատմական Կիլիկիայի ծաղկուն քաղաքներից էր, որի հայ բնակչությունը` շուրջ 30.000, հարյուր տարի առաջ տարհանվեց և աքսորվեց դեպի Դեր Զոր, որտեղ նրանց մեծ մասը դաժանաբար կոտորվեց: Փրկվածները վերադարձան իրենց հայրենի բնաշխարհ, ձեռնամուխ եղան վերականգնելու իրենց տները, շարունակելու իրենց խաղաղ կյանքը, սակայն 1920 թ. կրկին հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի առջև: Քեմալական գերակշիռ ուժերի դեմ 8 ամիս շարունակվեց Հաճընի հերոսամարտը: Եվ հատկանշական է, որ քաղաքի ինքնապաշտպանությունը գլխավորում էր Հաճընի արիասիրտ առաջնորդ Պետրոս եպիսկոպոս Սարաճյանը, ով Քրիստոսի օրինակին հետևելով, պատրաստ էր իր կյանքը տալու հանուն իր հոտի փրկության: Քաջարի հայորդիք` հավատարիմ իրենց հայրենիքին ու հավատքին, աղոթքը շուրթներին կյանքի գնով պաշտպանում էին հայրենի սրբությունները: Շնորհիվ ինքնապաշտպանության փրկվեցին մեր ժողովրդի շատ զավակներ, իսկ տասնամյակ անց հաստատվեց Նոր Հաճըն ավանը, որն ընդարձակվել, քաղաք է դարձել` վկայելով մեր ժողովրդի վերածնունդը և հավատքով նորոգվող կյանքը: 

Այսօր Նոր Հաճընում վեր է հառնել և մեր աղոթքները երկինք է բարձրացնում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որի օծման այս հոգեզվարթ և լուսավոր օրը Մեր միտքն են գալիս առաքյալի աստվածաշունչ խոսքերը, թե «…ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կփրկվի» (Հռոմ. 10.13): Այս հավատքով մեր ժողովուրդը դիմակայել է պատմության փորձություններին, ի զորու եղել վեր հառնել մահվան ճիրաններից և նոր կյանք կառուցել: Հայոց Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայությունը Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ համախմբված կարողացավ պահպանել ազգային իր դիմագիծը, Աստուծո անունը կանչելով հաղթահարեց նեղությունները և հավատաց իր լուսավոր ապագային: Այսօր, երբ ազատ է մեր Հայրենիքը, երբ նոր շունչ է առնում մեր հոգևոր և ազգային կյանքը, մեզ առավել ևս պիտի միավորի մեր հավատքը, որպեսզի մեր ամեն կարելիությամբ շենացնենք մեր երկիրը ու պայծառ պահենք մեզ դեպի փրկություն առաջնորդող մեր Սուրբ Եկեղեցին: 
Հավատում ենք, որ Ամենափրկիչ մեր Տիրոջ Սուրբ Անունը կրող այս նորաշուք եկեղեցին միշտ լեցուն պիտի լինի հավատացյալներով և ձեր աղոթքներով, ձեր արդար, քաջ ու դրվատելի գործերով, ձեր հավատավոր ընթացքով Աստծո շնորհներն ու օրհնությունը պիտի առատանան մեր կյանքում», - ասաց Գարեգին Բ Հայրապետը:
Նորին Սրբությունը նաև ողջունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այրերի ներկայությունը:

Այնուհետև Հայոց Հայրապետն իր բարձր գնահատանքը բերեց տեր և տիկին Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին և նրանց զավակին՝ Գագիկ Ծառուկյանին, որոնց ազնիվ հանձնառություններով հայրենի երկրում վեր խոյացավ վեցերորդ եկեղեցին: Բարձր գնահատելով Ծառուկյան ընտանիքի եկեղեցաշեն գործունեությունը և Հայ Եկեղեցուն մատուցած օգտաշատ ծառայությունները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական սրբատառ կոնդակով տեր և տիկին Կոլյա և Ռոզա Ծառուկյաններին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը:
Շքանշանի հանձնումից հետո Հայոց Հովվապետը նվիրյալ ծառայության համար իր օրհնությունը փոխանցեց Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և հոգևոր դասին, ինչպես նաև գնահատանքը բերեց եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանին, շինարարներին և բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերել հոյակերտ եկեղեցու կառուցման և բարեզարդման աշխատանքներին:
Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկաներին՝ հայցելով, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջի հովանու ներքո միշտ խաղաղ ու ապահով, շեն ու պայծառ պահպանի հայրենի երկիրը և Հայոց Եկեղեցին, Իր երկնային շնորհներով առատապես օրհնի, զորացնի Նոր Հաճընի հավատավոր ժողովրդին և եկեղեցու բարերարներին:
Վերջում Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրեց Տիրոջ Ս. Խաչելության պատկեր:
Արարողությանը ներկա էին ՀՀ պետական այրեր, ԱԺ պատգամավորներ, օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ և բազում ուխտավորներ:

Չամաչենք խոստովանելուց Խաչյալին, Այն հավատացյալների նշանն է և դևերի սարսափը. Կյուրեղ Երուսաղեմացի

Ուրեմն, չամաչենք խոստովանելուց Խաչյալին։ Որպես խոստովանության նշան մեր ճակատին և ամենուր մատներով համարձակորեն դրոշմենք խաչը։ Եվ ուտելիս հազի վրա, և խմելիս բաժակի վրա, և ներս մտնելիս, և դուրս գալիս, և քնելուց առաջ, և զարթնելիս, և քայլելիս, և հանգստանալիս։ Դա մեծ ապահովություն է։ Ոչ մեկ ծախս չի պահանջում աղքատներից, ոչ մի ջանք՝ հիվանդներից, քանի որ այդ Շնորհը Աստծուց է։

Այն հավատացյալների նշանն է և դևերի սարսափը։ Քանզի խաչի վրա հաղթեց դևերին, խայտառակեց հրապարակով։ Քանզի երբ տեսնում են խաչը, նրանք մտաբերում են Խաչյալին։ Նրանք վախենում են վիշապի գլուխները ջախջախողից։ Մի արհամարհիր որպես պարգև քեզ շնորհված խաչի նշանը, այլ այդքան մատչելի լինելու համար դու պիտի ավելի մեծարես Շնորհողին։

Մայրաքաղաքը պատրաստվում է պատշաճ ձևով անցկացնել Համահայկական ամառային 6-րդ խաղերը

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումները:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ Համահայկական ամառային 6-րդ խաղերի հետ կապված զեկուցվել է, որ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու, սփյուռքից ժամանող հյուրերին, մարզիկներին և մարզիչներին պատշաճ ընդունելու և երևանյան թիմի բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: 

Նաև զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում ընթանում են «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները:
Վերահսկողության վարչության պետը, ներկայացնելով 2015 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում քաղաքապետի կողմից ընդունված որոշումների և կարգադրությունների կատարման ընթացքը զեկուցել է, որ ընդունվել է 1096 որոշում և 137 կարգադրություն:

Ձմերուկի փառատոն Կարապի լճում. ֆոտոշարք

Հուլիսի 18-ի երեկոյան Կարապի լճի հարակից տարածքում «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակում մեկնարկեց արդեն ավանդական դարձած ձմերուկի ամենամյա փառատոնը, որն այս անգամ ավելի ճոխ և մարդաշատ էր քան երբևէ:

Փառատոնի շրջանակում կազմակերպված համերգի ընթացքում ելույթ ունեցան հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները: 
Տոնախմբության ընթացքում կազմակերպիչները մասնակիցներին ձմերուկ կհյուրասիրեն, իսկ Երևանում գործող սպասարկման ոլորտի տարբեր ընկերություններ հանդես եկան ձմերուկի ձևավորման իրենց ինքնատիպ տարբերակներով: 

Միջոցառման ավարտին Երևանի քաղաքապետարանը փառատոնի կազմակերպման աջակից ընկերությունների հետ մրցանակներ և նվերներ է հանձնեց, ակտիվ մասնակիցներին, ինչպես նաեւ ինքնատիպ ձմերուկներով հանդես եկող մասնակիցներին: Հատուկ նվերների արժանացան նաևվփառատոնին ամենամեծ և ամենափոքր ձմերուկները ներկայացրած մասնակիցները:
Ներկայացնում ենք ձեզ, միջոցառման մասին պատմող, Սրապիոն Գևորգյանի պատրաստած ֆոտոշարքը:
Հավելենք որ արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնը համախմբում է ոչ միայն ձմերուկի սիրահար երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին, այլև ուրախ խաղերի և տարաբնույթ մրցույթների սիրահարներին:


Հայկ Կիսեբլյան
Ֆոտոշարքը` Սրապիոն Գևորգյանի

Վերջապես հրատարակվեց Նժդեհի նվիրյալ համախոհ և զինակից ընկեր Հայկ Ասատրյանի «Խռովք» գիրքը

Վերջապես հրատարակվեց Փիլիսոփա, ազգային-քաղաքական գործիչ, Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, խմբագիր Հայկ Ասատրյանի «Խռովք» գիրքը: 
Տպագրության քանակը խիստ սահմանափակ է

Հայկ Աստրյանը (Ծնվ. 05.02.1900թ., գ. Երից, Ալաշկերտի գավառ: 
Մահ. 13.01.1956թ., Սոֆիա: ՀՀԴ կուսակցության անդամ (մինչև 1937-ը):)ավարտել է Բեռլինի բարձրագույն քաղ. դպրոցը, ապա՝ Պրահայի համալսարանի փիլ-յան բաժինը (1930): 
Մասնակցել է Հայաստանում 1921-ի Փետրվարյան ապստամբությանը, որի ճնշումից հետո, խուսափելով ձերբակալությունից, անցել է Թավրիզ, այստեղից էլ՝ Բուլղարիա: 
Սոֆիայում ուսուցչություն է արել Գևորգ Մեսրոպ ճեմարանում, հիմնադրել և խմբագրել է «Խռովք» (1932), «Ցեղ և Հայրենիք» (1936, Ն. Աստվածատուրյանի հետ), «Տարոնի Արծիվ» (1938-39), «Ռազմիկ» (1937-44, Գ. Նժդեհի հետ) պարբերականները: 

Քաղ. գործունեության համար 1944-ին ձերբակալվել է, ուղարկվել Ուրալի բանտ: Ազատվել է համընդհանուր ներումով, 1955-ին: 

Հայկ Ասատրյանը եղել է Նժդեհի նվիրյալ համախոհն ու զինակիցը 1930-ական թթ. Հայկական ցեղակրոն շարժման ծավալման և հիմնավորման գործում, նրա երկերի լավագույն մեկնիչն ու խմբագիրը: 

Հեղինակ է «Ցեղանենգ շեյթանը» (1933), «Մտածումներ հայկական ճգնաժամի, Հայ հեղափոխության և Մայիս 28-ի մասին» (1933), «Հայաստան: Արիական նախադիրք Առաջաւոր Ասիայում» [1942, Ա գիրք (Բ գիրքը անտիպ է), վերահրտ., 2000] մենագրությունների, բազմաթիվ հոդվածների:

Անուն, որի մասին ֆոտոարվեստում դեռ երկար կխոսվի. Գևորգ Խուրշուդյան

Գևորգ Արթուրի Խուրշուդյանը, ով առավել հայությանը հայտնի է Գև Խուրշուդյան անունով ծնվել է 1991թ. սեպտեմբերի 3-ին: Գևն ապրում է Երևանում, սովորում է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում, զբաղվում է արդեն 4տարի լուսանկարչությամբ: 
«Այս բաժնում սովորում եմ, որպեսզի կարողանամ պաշտպանեմ իմ իրավունքները, իսկ առօրյայում մշտապես ինձ պետք է գալիս»-նշեց լուսանկարիչը: 
Գևորգը լուսանկարչությամբ հետաքրքրվել է դեռ դեռահաս տարիքից, երբ մեծ եղբայրն իր նախասիրությունների համար զբաղվում էր լուսանկարչությամբ, իսկ ոգեշնչվել է տարբեր ցուցասրահների լուսանկարներից և հասկացել է, որ ինքն էլ կարող է ստեղծել այն ինչ պատկերված է վերոնշյալ նկարներում:
Եվ այդպես 2010-թ. ին ձեռք է բերում լուսանկարչական խցիկը, որը վերջապես թույլ է տալիս նրան հասնել այն վարպետության աստիճանին, որին նա հակում ուներ։ 

Լուսանկարչությունը Գևորգի համար ամենագեղեցիկ և ամենաարդիական զբաղմունքն է համարվում, իր էությունն ամբողջովին կապում է լուսանակրչական ձիրքի հետ, իսկ առանց լուսանկարչության իր կյանքը միագույն ու գորշ է պատկերացնում. «Կարծես թե այլմոլորակային լինեմ, մի պահ կանգ է առնում օդը: 

Ինձ համարում եմ բնության մարդ, չեմ կարող բացատրել ինչ եմ զգում, երբ ձեռքս եմ վերցնում լուսանկարչական խցիկը, բայց ինձ համար դա լիարժեք ռելաքսա: 

Կարող եմ խենթի պես գիշերն ուղղակի վերցնեմ իմ անբաժանելի մի մասնիկն՝ խցիկս և շանս ու դուրս գամ քայլելու քաղաքում»-ասեց Գևորգը, ապա հավելեց, որ ավելի շատ նախընտրում է իր նկարներում գերակշռել սևն ու սպիտակ գույները, որոնք ավելի հարազատ են իրեն և բնութագրում են իր հոգեվիճակը:

Այնքան է նվիրված իր հոբբին, ապրելակերպին՝ լուսանկարչությանը, որ նույնիսկ չի հիշում թե որքան ակնթարթներ են անմահացել իր ձեռքերի մեջ.՝ անթիվ են իր լուսանկարները: Հիմնականում նկարում է դիմանկարներ և բնության մեջ հանդիպող արտառոց, գրավիչ կադրեր: Սիրում է իր ձիրքով տարբերվել մյուսներից, ձգտում է իր նկարների պատկերների միջոցով մարդկանց հաղորդել այն երանգները, որոնք կընկալվեն առանց մեկնաբանվելու:


Կալկաթայի ճեմարանը հայտարարում է 7-11 տարեկան աշակերտների ընդունելություն

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-11 տարեկան աշակերտների ընդունելություն: Ընդունելությունը կատարվելու է հարցազրույցով` տրամաբանական և առարկայական գիտելիքների շրջանակում: Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
* Անձնագիր (առնվազն 4 տարվա վավերականությամբ)
* Դպրոցի վիճակացույց (առաջադիմության թերթիկ)
* Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ
* Ծնողի / խնամակալի կողմից լիազորագիր (նոտարի կողմից հաստատված)
* Լուսանկար 4 հատ, որից 2-ը` (5 x 5), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա), իսկ մյուս 2-ը` (3 x 4) 
* Մկրտության վկայական
Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն մինչև 2015 թ. oգոստոսի 10-ը, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-16:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:
Տեղեկությունների համար զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.armeniancollege.inկայքէջը, ինչպես նաևwww.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademyֆեյսբուքյան էջը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ

Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՙՎաչե և Թամար Մանուկյան՚ մատենադարանում հանդիպում ունեցավ Հայաստանում վերապատրաստման դասընթացներին մասնակցող սփյուռքահայ 62 ուսուցիչների հետ:

Հանդիպման սկզբում Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ողջունեց և բարի գալուստ մաղթեց 14 երկրների հայկական կրթական հաստատությունները ներկայացնող ուսուցիչներին` հույս հայտնելով, որ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ նրանք նոր լիցքերով կշարունակեն ուսուցչի վեհ առաքելությունը:

Այնուհետև հայագիտական առարկաներ դասավանդող սփյուռքահայ ուսուցիչներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց, որ Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները շարունակվում են և ավելի մեծ թվով ուսուցիչներ են մասնակցում դրանց: Վեհափառ Հայրապետը վերհիշեց նաև, որ առաջին տարիներին վերապատրաստման դասընթացները կազմակերպվում էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ բարձրորեն գնահատում է ուսուցիչների` նոր սերնդի դաստիարակության և կրթության գործում բերած նվիրյալ ծառայությունը: Հայոց Հայրապետն ասաց` իր սպասումն է, որ ուսուցիչները հայագիտական առարկաներ դասավանդելուց զատ երիտասարդ սերնդին հաղորդ դարձնեն նաև ազգային, հայրենական և համայնքային կյանքի իրողություններին, նրանց առիթ ընձեռեն ներգրավվելու տարբեր ծրագրերում և այդպիսով մասնակից դառնալու ազգային կյանքին: Գարեգին Բ Վեհափառը հաստատեց, որ դա է հայրենասեր, ազգասեր և նախանձախնդիր սերունդ կրթելու ճանապարհը: 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավելեց, որ միայն Հայրենիքի նկատմամբ սեր, ապագայի հանդեպ հավատք և տեսիլք ունեցող անհատը կարող է հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները:

Իր խոսքում Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ ուսուցիչները դասընթացի ավարտին իրենց երկրները կվերադառնան ոչ միայն նոր գիտելիքներով և փորձառությամբ, այլև` հոգևոր-ազգային ապրումներով խանդավառված և ներշնչված ազատ ու անկախ Հայրենիքի իրողությամբ: 
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր ընթացք ցանկացավ դասընթացներին` մաղթելով, որ Բարին Աստված ուսուցիչներին զորացնի իրենց կարևոր առաքելության մեջ:

Աստրախանի հին հայկական եկեղեցու տեղում կառուցված խաչքարը շարունակում է «ապրեցնել» համայնքը

Աստրախանի «Հայկական» զբոսայգին խորհրդանշում է քաղաքի հայերի պատմական ներդրումն ու հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:
Այգու կենտրոնում տեղադրված հուշահամալիրը կանգնեցված է մոտ 300 տարի առաջ կառուցված, սակայն սովետական-աթեիստական դարաշրջանում հիմնահատակ ավերված Հայ Առաքելական «Տիրամոր ննջման» եկեղեցու տեղում:
Խաչքարը պատրաստված է հայկական տուֆից: Այն և հուշարձանի տուֆակերտ 3 կամարները` պատրաստվել և Հայաստանից Աստրախան են ուղևորվել Աստրախանի հայ համայնքի նվիրատվությունների շնորհիվ:

2015-ի հուլիսի 13-ին «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախաձեռնությամբ Աստրախանի կենտրոնում գտնվող «Հայկական» զբոսայգում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի մասին հիշեցնող հերթական ֆլեշմոբ-ակցիան:
Զբոսայգու կենտոնում գտնվող խաչքարի առջև հավաքված հայերը հերթական անգամ բարձրացրեցին Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող` 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը, որից հետո, խաչքարի շուրջ շրջան կազմելով, 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

Ակցիայի նպատակը` Աստրախանի բնակիչների և զբոսաշրջիկների ուշադրությոնը ևս մեկ անգամ դեպի 100 ամյա ոճրագործությունն ուղղելն էր:
Իսնչպես «Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանի Աստրախանյան մյուս միջոցառումներում` այդպես էլ այս անգամ, նրա կողքին էին Աստրախանի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչները և «Երկրապահ կամավորականներ»-ի միության Աստրախանյան կառույցի անդամները: