Մայրաքաղաքը պատրաստվում է պատշաճ ձևով անցկացնել Համահայկական ամառային 6-րդ խաղերը
Սահմանված ժամանակացույցով շարունակվում են «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումները:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական խորհրդակցության ժամանակ Համահայկական ամառային 6-րդ խաղերի հետ կապված զեկուցվել է, որ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու, սփյուռքից ժամանող հյուրերին, մարզիկներին և մարզիչներին պատշաճ ընդունելու և երևանյան թիմի բարձր մակարդակով մասնակցությունն ապահովելու ուղղությամբ:
Նաև զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքում ընթանում են «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով նախատեսված մարզամշակութային միջոցառումները: Ծրագրերի մասին բնակչության լայն շերտերի մշտական իրազեկումն ապահովելու նպատակով հանձնարարվել է առավել ակտիվացնել հանրային իրազեկման աշխատանքները:
Վերահսկողության վարչության պետը, ներկայացնելով 2015 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում քաղաքապետի կողմից ընդունված որոշումների և կարգադրությունների կատարման ընթացքը զեկուցել է, որ ընդունվել է 1096 որոշում և 137 կարգադրություն: