Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մայր Տաճարում տեղի ունեցավ տոնական համերգ
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 6-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում համերգով հանդես եկավ Մոսկվայի Սինոդալ երգչախումբը` ղեկավարությամբ ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսեյ Պուզակովի:
Համերգն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի և բացման խոսք ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նաթան Սրբազանը մասնավորապես ուրախությամբ նշեց, որ տոնի նախօրեին Մոսկվայի տաղանդավոր ու բազմավաստակ Սինոդալ երգչախումբն իր աղոթքի և արվեստի միջոցով, իր համերգով անձեռակերտ ընծա է նվիրաբերում Մայր Տաճարին ու Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն:
Համերգի ընթացքում նշանավոր երչախումբը հայերեն և ռուսերեն լեզուներով կատարեց հոգևոր երգեր:
Համերգին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, արվեստի և մշակույթի գործիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ: