Գրող, հրապարակախոս, լուսավորիչ, փիլիսոփա, գրաքննադատ` Միքայել Նալբանդյան
Միքայել Նալբանդյանը հայ ռեալիստական գրականության հիմնադիրներից է:
Նա խոր հետք է թողել հայ հասարակական մտքի և ազգային
գաղափարախոսության ձևավորման վրա:
Միքայել Նալբանդյանը
1837–45 թթ-ին սովորել է Նոր Նախիջևանում` ճանաչված մանկավարժ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: 1848–53 թթ-ին աշխատել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում (Քիշնև) որպես քարտուղար, 1853 թ-ին մեկնել է Մոսկվա: Նույն թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանում քննություններ է հանձնել և ստացել հայոց լեզվի ուսուցչի վկայական, ապա Մոսկվայի Լազարյան ճեմարանում աշխատել է որպես հայոց լեզվի ուսուցիչ: 1854–58 թթ-ին եղել է ազատ ունկնդիր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1860 թ-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանում ստացել է արևելյան բանասիրության թեկնածուի գիտական աստիճան:
1858 թ-ից Նալբանդյանը Ստեփանոս Նազարյանի հետ Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսափայլ» ամսագիրը, որտեղ տպագրվել են նրա հրապարակախոսական, քննադատական հոդվածները, վեպերը, գրական լեզվին և այլ հարցերի նվիրված աշխատությունները:
Նալբանդյանը 1860 թ-ին մեկնել է Հնդկաստան՝ հնդկահայ վաճառական Մասեհ Բաբաջանի՝ Նոր Նախիջևանի համայնքին կտակած ժառանգությունն ստանալու նպատակով: Ուղևորության ընթացքում եղել է Վրաստանում, Հայաստանում և Թուրքիայում, հանդիպել է հայ մշակույթի մի շարք գործիչների, Իտալիայում՝ գարիբալդիականների, Լոնդոնում՝ ռուս վտարանդի հեղափոխականների (Ալեքսանդր Գերցեն, Նիկոլայ Օգարյով, Միխայիլ Բակունին) հետ: Նրա նպատակը համաեվրոպական ազատագրական շարժման մեջ նաև հայ ժողովրդի ազատագրության հարցն ընդգրկելն էր: Այս տեսակետից Նալբանդյանն առավել կարևորել է ազգերի ազատագրական պայքարը ցարական Ռուսաստանում՝ համոզված, որ կայսրության փլուզումն ազատագրություն կբերի բազմաթիվ ազգերի, այդ թվում՝ հայերին:
1862 թ-ին Նալբանդյանը վերադարձել է ուղևորությունից, մասնակցել «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության ընդհատակյա գործունեությանը, ձերբակալվել է` Լոնդոնում ռուս հեղափոխականների հետ համագործակցելու մեղադրանքով և բանտարկվել Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում: 1865 թ-ին, արդեն թոքախտով հիվանդ, աքսորվել է Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը, որտեղ էլ մահացել է:
Նալբանդյանի ստեղծագործության բարձրակետը հրապարակախոսությունն է («Երկու տող», 1861 թ., «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», 1862 թ., «Հեգելը և նորա ժամանակը», 1863 թ., և այլն). վերլուծել է ժամանակի ազգային-հասարակական կյանքի երևույթները, արծարծել տնտեսական, քաղաքական, մշակութային, փիլիսոփայական հարցեր: Նա արևելահայ և արևմտահայ հատվածների հասարակական կյանքի երևույթները քննել է համազգային շահերի ու հեռանկարների տեսանկյունից: Քննադատելով հոգևոր դասի գործունեությունը՝ չի ժխտել եկեղեցու դրական դերը հայոց պատմության մեջ:
Նալբանդյանը լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը, կրթության և դաստիարակության ոլորտում բացառիկ դեր հատկացրել մայրենի լեզվին: Շարունակելով Խաչատուր Աբովյանի ավանդույթները՝ պայքարել է աշխարհաբարի ամրապնդման և զարգացման համար, բանտում սկսել է գրել աշխարհաբարի քերականությունը:
Հայ իրականության մեջ առաջինը Նալբանդյանն է կարևորել քննադատության նշանակությունը գրականության զարգացման համար («Կրիտիկա «Սոս և Վարդիթերի», 1863–64 թթ.), քննել է պատմության ու գրականության փոխհարաբերությունները, գեղեցիկի հիմնախնդիրը, նրա ըմբռնման պատմական փոփոխությունները և այլ հարցեր: Նա է հայ գրականություն ներմուծել ֆելիետոնի ու պամֆլետի ժանրերը:
Նալբանդյանի «Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն» (1857 թ.), «Մեռելահարցուկ» (1859 թ.) երկերը հայ վիպագրության անդրանիկ օրինակներից են:
Նալբանդյանի պոեզիային բնորոշ են փիլիսոփայական խոհն ու քնարական մտորումները: Բանաստեղծական բարձր ներշնչանքի արտահայտություն են հատկապես «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն», «Մանկության օրեր» բանաստեղծությունները: «Ազատություն» բանաստեղծությունն ուսանելի օրինակ է, թե ինչպես է ազատության բնածին զգացողությունը ձևավորվում որպես գաղափար: «Մանկության օրերը» ազատագրական պայքարի կոչ է ընդդեմ բռնության, խավարի ու տգիտության.
Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին,
Արյուն ու կրա՜կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:
Նալբանդյանը սերունդների հիշողության մեջ մնացել է որպես ազատության զինվոր և գաղափարի նահատակ: Նրա կերպարին անդրադարձել են արվեստում և գրականության մեջ:
Միքայել Նալբանդյանի անունով ՀՀ-ում կոչվել են փողոցներ, դպրոցներ, Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, գյուղ՝ Արմավիրի մարզում, Երևանի Օղակաձև զբոսայգում կանգնեցվել է նրա հուշարձանը: Հայաստանի գրողների միությունը սահմանել է Միքայել Նալբանդյանի անվան գրական մրցանակ: