Դուք կապշեք, երբ տեսնեք, թե այս հայ տղան ինչեր է պատրաստում

Երիտասարդ Հարությունը մեկն է այն հայ տղաներից, ով ստանդարտ և կարծրատիպ դարձած մտածելապերպով չի նայում աշխարհին, այլ որոշել է նորություն ստեղծել, որը շոկի մեջ կգցի շատերին:
Սովորական դարձած միջոցներով իր օրվա ապրուստը հոգալու փոխարեն` Հարությունը իր ձեռքերով, իր յուրօրինակ աշխատանքերն է ստեղծում` յուրահատուկ և անսովոր, երբեմն նաև Երևանի համար խորթ և տարօրինակ թվացող նկարներ, եթե իհարկե` այդ ամենն ինչ Հարությունն իրականացնում է, կարելի է նկարել անվանել:

Ռետինե ձեռնոցներով, դիմակով, աերոզոլային ներկերի սրվակներով և կոսմետիկ շինարարության միջոցներով «զինված» Հարությունին, կարելի է հանդիպել երեկոյան ժամերին, Երևանի կենտրոնում գտնվող Հյուսիսային պողոտայում:
Առաջին հայացքից Հարությունի ստեղծագործությունները կարելի է համակարգչով պատրաստված և տպիչով ստացված անիմացիոն նկարների տեղ դնել, սակայն այդ ամենն իրականում պատրաստված է Հարությունի հմուտ ձեռքերով ու ներկերով, փոշիներով, շաբլոններով և շինարարական գործիքներով:

Հարությունի աշխատանքը «Հյուսիսայինում» իսկական կրկեսի ներկայացում է հիշեցնում:
Ամեն աշխատանքային օրվա սկզբում` նրա ստեղծած նկարներով շատ քչերն են հետաքրքրվում, սակայն նրան մնում է միայն հագնել իր բանվորական ձեռնոցներն ու դիմակը և սկսել արարել հերթական ֆանտաստիկ ժանրի պատկերը, երբ անծանոթ անցորդները սկսում են կանգ առնել, հավաքվել և ուշադիր հետևել նրա աշխատանքին:

Սկզբում մի քիչ հեգնանքով և առհամարանքով են մոտենում, քանզի դատարկ տղթի վրա արված մի քանի լղոզված գույները նրանց ոչինչ չեն հիշեցնում և ոմանք կարծում են թե դրանք բացարձակապես կապ չունեն «համակարգչով տպված» և գետնի վրա շարված ֆուտուրիստական նկարների հետ, բայց Հարությունի ժրաջան և ռիթմիկ շարժումների շնորհիվ` նկարը կամաց-կամաց սկսում է ի հայտ գալ, և երևակայությունից թույլ մարդկանց հուշում, որ այնտեղ ինչ-որ մի բան այնումենայնիվ նկատվում է…, իսկ վերջում` ստացված պատկերն անակնկալի է բերում և ապշեցնում բոլորին: 
Հերթական պատկերի ծնունդը ազդարարվում է արդեն հարյուրից ավելի հանդիսականների ծափողջյուններով:
Հ.Գ.
Լուսանկարահանումների ժամանակ, հանդիսատեսներից մի աղջիկ հեգնաբար նշեց, որ, -«տղան առաջ նկարները 2000 դրամով էր վաճառում, իսկ հիմա` տեսել է, որ հանիսատեսները շատանում են և թանկացրել, դարձրել է 3000 դրամ…»: Սակայն երբ ինքներդ ականատես լինեք նկարների «շինարարության» գործընթացին` կհամոզվեք, որ ամեն մի նկարն էլ հաստատ արժե այդքան…: 

Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի

Ի՞նչու Գրիգոր Լուսավորիչը առաջին հերթին այստեղի կուռքերն ավերեց

Հնդկաստանից 2 եղբայրներ` Դեմետրը և Գիսանեն փախչում են և ապաստանում Հայաստանում: Հայոց Վաղարշակ թագավորը նրանց ապաստան է տալիս: Սակայն, երբ նրանք հզորանում են, Վաղարշակ թագավորը սպանում է նրանց: 
Կարծիք կա, որ նրանք և նրանց ընտանիքները անառակաբարո կյանք էին վայելում:
Նրանց 3 որդիները, ի հիշատակ հայրերի, Քարքե լեռան գագաթին կանգնեցնում են նրանց կուռքերը: 
Այդ վայրը հետագայում անվանել են Իննակնյա տեղիք, քանի որ այնտեղից էին բխում 9 աղբյուրները: 
Այդ վայրը անհայտ հիմքերով ժաղավուրդն անվանել է “դիվաց դուռ”, իսկ Գիսանեի և Դեմետրի կուռքերին անվանել են “զպատկերս սատանայի”:  
Իննակնյա տեղիքն հին պաշտամունքով ընբռնվել է իբրև դժոխքի դռներ, աշխարհի պորտ կամ կենտրոն: Հունական դիցաբանության մեջ դժոխքը Հադեսի թագավորությունն էր, որը խավար էր և սարսափելի: Այնտեղ բազմաթիվ գետեր են հոսում, որոնց մեջ է նաև սուրբ Ստիքս գետը, որով երդվում էին աստվածները: Հայկական դիցաբանության մեջ նույնպես կան տվյալներ, որ մեռյալների թագավորությունում բազմաթիվ գետեր են եղել: Հենց Իննակնյա բառը նշանակում է 9 աղբյուր:

Երբ Հայաստանը քրիստոնեություն ընդունեց, Գրիգոր Լուսավորիչը հենց այդ կուռքերն առաջինը ավերեց և դրանց վրա կառուցվեց ս. Կարապետ վանքը, որը նաև անվանել են Գլակա կամ “Գլակա Իննակնյա վանք”: Այդ բառի ծագումը շատ անհստակ է, սակայն կա ենթադրություն, որ այն բաղկացած է “գեղ” կամ “գել” և “օկ” նախաձևերից: “Գել”-ը նշանակում է “արոտավայր, ուր արածում են մեռելների ոգիները”, այսինքն մահվան թագավորության պատկերացումն է: 

Այսպիսով` Գլակ և Իննակնյա անունները նշանակում են մահվան թագավորության ջրառատ տեղեր, որոնցով անդրաշխարը կապվում է այս աշխարհի հետ: Դրանք դևերի և վիշապների դուրս գալու տեղերն են, որոնց վրա հատուկ կառուցվել են հեթանոսական և քրրիստոնեական սրբատեղեր, որպեսզի կանխեն դրանց ելքը այս աշխարհ: Օրինակ, Գրիգոր Լուսավորիչն այնտեղ կառուցում է Մշո ս. Կարապետ եկեղեցին, Հովհաննես Մկրտչի (նույն ս. Կարապետի) նշխարների վրա:
Այժմ այա վանքի տեղում գտնվում է Շանգլի քրդաբնակ գյուղը:

Զգացմունքներ նկարող աղջիկն, ով երազում է ամբողջ աշխարհով մեկ ցուցահանդեսներ ունենալ

Սերինեն միակ կոսպլեյերն է Հայաստանում` միակ մարդն ով իր հագուկապով, մազերի գույնով և սանրվածքով նմանակում է ճապոնական անիմե մուլտհերոսներին: Սակայն շատերը չգիտեն, որ այդ ամենը անչափ հետաքրքիր, յուրահատուկ և գունեղ Սերինեյի ներաշխարհի արտաքին շերտն է միայն, որին ներսում` ոչ թե դատարկ տիկնիկ է, այլ ստեղծագործ մարդ, լի զգացմունքներով, ապրումներով և ասելիքով: 

Սերինեն նկարչուհի է: Տարիներ առաջ ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, իսկ թե ի՞նչ եղավ հետո` պարզեցինք Սերինեյի հետ հարցազրույցի ընթացքում: 

«Առաջ ինձ թվում էր, թե ես արդեն բավական լավ նկարում եմ, սակայն, երբ ընդունվեցի ակադեմիա` և տեսա կուրսեցիներիս` ապշեցի, քանի որ նրանք բոլորը ինձանից առավել էին: Իսկ երբ դու մի խմբում ես, որտեղ բոլորը քեզանից ուժեղ են` ամեն ինչ անում ես, որ ձգտես նրանց հասնել: Եվ այդպես էլ եղավ ինձ հետ: Երևի թե ուսումնական տարվա վերջում արդեն ես հասել էի նրանց, սակայն առաջընթացը մեծ չէր: 
Հետագայում հանգամանքները այնպես դասավորվեցին, որ չէի կարող ուսումս շարունակել ակադեմիայում: Որոշեցի դուրս գալ ակադեմիայից և շատ էի նեղվել այդ ամենի պատճառով: 
Ասում էի, որ վերջ` ես էլ չեմ նկարի: Սակայն մայրիկս ինձ օգնեց, հույս տվեց և ասեց, որ ավելի լավ կլինի, եթե մասնավոր պարապմունքների գնալով շարունակեմ ուսումս», - պատմեց մեզ հետ զրույցում Սերինեն` հավելելով, որ հետագայում հենց այդպես էլ վարվեց, քանզի իր համար միանշանակ` իր դիպլոմն այդքան կարևոր չեր, որքան գիտելիքները, - «մանսավոր պարապեցի Մալխասյան Հովհաննեսի մոտ, ում հետ շատ ու շատ ավելի լավ էի պարապում: 
3 ամիսների ընթացքում ունեցածի չափ առաջընթաց, ես ողջ ակադեմիայի 1 տարվա ուսման ընթացքում չունեի, որի համար ես պարոն Մալխասյանին շատ շնորհակալ եմ: Նրա մոտ ես սովորեցի նկարել յուղաներկով, քանզի ակադեմիայոում միայն ջրաներկ և գծանկար էի հասցրել սովորել: Մալխասյանի մոտ սովորեցի 10 ամիս, որից հետո` ժամանակավորապես մեկնեցի արտերկիր, հետո վերադարձա, բայց սկսեսի աշխատել և հազվադեպ էի նկարում, սակայն երբ նոր նկարներ էի նկարում` նրան ցույց էի տալիս և նա ինձ ցույց էր տալիս կատարած սխալները»:

-Ի՞նչով ես զբաղվում հիմա: Աշխատում ե՞ս, թե՞ նկարում:

-Հիմա Ուրարտու համալսարանում եմ սովորում, օտար լեզուներ` ճապոներեն և կորեերեն և շաբաթվա մեջ 3 օր զբաղված եմ լինում դրանով, իսկ մնացած օրերը` զբաղվում եմ իմ աշակերտներով: Արդեն իմ սեփական աշակերտներն ունեմ և ես եմ դասավանդում: Մեկ ամսից երևի թե աշակերտներս էլ ավելի կշատանան, ավելի քիչ ազատ ժամանակ կունենամ և հետևաբար` ավելի քիչ կկարողանամ նկարել:

-Ի՞նչ ես նախընտրում նկարել և ի՞նչ տեխնիկաներով:

-Հիմնականում դիմանկարներ եմ նկարում և շատ եմ սիրում գույներ օգտագործել, որովհետև կյանքում գույները պակաս են և մեզ այդ գույները շատ են պետք` տրամադրություն բարձրացնող ջերմացնող գույները: Հիմնականում էմոցիաներ եմ նկարում: 
Նկարում եմ, երբ որ տխուր եմ լինում, կամ ինչ-որ բանի վրա բարկացած: Այդպիսով իմ զգացմունքները արտահայտում եմ նկարելով և հանգստանում:
Այդ պատճառով էլ հիմնականում ջրաներկով եմ նկարում, իսկ յուղաներկով` ավելի հազվադեպ: Յուղաներկով նկարելիս պետք է սպասես, որ չորանա…, իսկ ես մոռանում եմ թե ինչ պիտի նկարեի և ինչպես` պահի տակ ունեցած զգացմունքների ազդեցությունը կորցնում եմ:

-Ի՞նչով պետք է զբաղվես հետագայում, և ի՞նչպիսին ես տեսնում քո ապագան:

-Իմ երազանքը` աշխարհով մեկ ցուցահանդեսներ ունենալն է, որը բավականին թանկ հաճույք է: Պատրաստվում եմ շուտով ունենալ իմ առաջին ցուցահանդեսը Երևանում, սակայն դեռ չգիտեմ կոնկրետ երբ և որտեղ կլինի: Դեռ պատրաստ չեմ և ոչ մի ցուցահանդես դեռ չեմ ունեցել, սակայն երևի թե երկու, կամ երեք տարի հետո, կսկսեմ ճանապարհորդել:


Այս մատիտանկարը արդեն վաճառել եմ…


Այս յուղաներկը այս ոճի մեջ նկարած իմ առաջին նկարն է, որը ես վախենում էի ցույց տալ իմ ուսուցչին: Վախենում էի սուր քննադատական գնահատականներից: Սակայն որոշակի ժամանակ հետո, երբ էլ նրա մոտ էլ չէի պարապում` համարձակվեցի և ցույց տվեցի, որին ի պատասխան` զարմացավ և ասեց, որ շատ լավ է ստացվել և, որ տարօրինակ է, որ համարձակություն չեմ գտել նրան ցույց տալու:

Այս նկարում ես գույների թրչնին եմ պատկերել, որը անցնելով ամեն մի բանի կողքով` գունավորում է այն: Այստեղ նա անցել է այս «անգույն» աղջկա կողքով և գունավորել նրան:

Այս նկարի միջի «կերպարին», ես տեսել եմ երազում և արթնանալով փորձեցի վերհիշել և նկարել:

Իսկ այս յուղաներկը` իմ ամենաշատ չարչարած կտավն է, որը մի քանի անգամ ջնջել եմ և ինչ-որ բաներ փոփոխելով, նորից նկարել: Հիմա կարծես թե նոր` վերջնական տեսքի է եկել:
Երբեք, ոչ մի նկարի վրա այսքան երկար չեմ չարչարվել:


Այստեղ ես գունավոր աղջիկ եմ նկարել, ով քայլում է և գույներ տարածում:

Այս նկարը նկարելուց առաջ` ես զբոսնում էի փողոցով, որտեղ բազմաթիվ վատ արտահայտություններ լսեցի և բացասական բաների ականատես եղա: Վերադառնալով տուն` նստեցի և նկարեցի այսպես…:
Իսկ այս նկարը նկարելուց առաջ` վիճվել էի մոտ ընկերուհուս հետ: Նկարեցի և ստացվեց այսես` նեղացած, հիասթափված, գունավոր աղջիկ:

Այս յուղանկարում գեղեցիկ աղջիկ եմ պատկերել, որը սակայն շատ դաժանն է և չարը: Նկարում` նա պոկել է իր թշնամու գլուխը, որը տգեղ էր, բայց նրա նման վատ մարդ չեր: Այս նկարով ես արտահայտել եմ հենց դա, որ ամեն մի գեղեցիկ բան չե, որ լավն է և բարի է և միշտ չէ որ գեղեցիկ լինելը և լավն ու բարի լինելը նույնն է: Դա եմ նկարգրել նաև կտավին պատկերված հիերոգլիֆներով:

Հարցազրույցը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի

Գինեգործությամբ հայտնի Արենի գյուղում ամեն տարի կազմակերպվում է Գինու փառատոն

Արենի գյուղը, որ հայտնի է իր գինեգործությամբ, գտնվում է Վայոց ձորի մարզում: Գյուղի պատմությունը սկսվում է մ.թ.ա. 3-րդ դարից: Այն հայտնի է գինու իր մեծ տեսականիով: Գյուղը Արփա գետի ափին է` ծովի մակարդակից 980 մետր բարձրության վրա:

Տեղանքի աշխարհագրական և կլիմայական պայմանները (ածխածնով հագեցած հող և առատ արևի լույս) նպաստել են խաղողագործության ու գինեգործության զարգացմանը: Արենիում աճում է խաղողի ավելի քան երկու տասնյակ տեսակ, որոնցից ամենաարժեքավորը հենց «Արենին» է: Տարեկան արտադրվում է ավելի քան 300 տոննա «Արենի» խաղող: Գյուղում կա գինու երկու գործարան և արժեքավոր գինիների մի քանի պահուստ:

Արենիի գինին իր յուրահատուկ և նուրբ բուրմունքով հայկական գինիների շարքում իր առանձնահատուկ տեղն է գրավում:
Ավանդաբար ամեն աշուն Արենիում գինու փառատոն է լինում, երբ բնակիչներին ու հյուրերին առիթ է ընծայվում համտեսելու շրջանում արտադրվող լավագույն գինիները: 

Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով և շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային և մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ և ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ և մրցույթներ, օրինակ` «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» և «Լավագույն տնական գինի»:

Հայկական գինեգործությունը Խորհրդային Միության տարիներին

 Խորհրդային տարիներին, մասնավորապես՝ 1940-1985 թվականներին, Հայաստանում գինու արտադրությունն ինն անգամ աճեց: Արդեն 1980-ին երկիրն արտադրում էր միջինը 210 հազար տոննա խաղող, որից տարեկան մոտ 150 միլիոն լիտր գինի էր ստացվում: Գինու մեծ մասն արտահանվում էր Ռուսաստան: 
Այդ ժամանակ Հայաստանում գինի արտադրելու պետական մենաշնորհը պատկանում էր «Արարատ տրեստ» կազմակերպությանը: 

Խորհրդային Միության փլուզումից հետո գինու, օղու արտադրության մոտ 38 պետական գործարան սկսեց մասնավորեցման գործընթաց: «Արարատ տրեստը» երեք հազար տեսակի գինի ուներ, որոշները` մի քանի դար հնության: Գինին առաջ, ինչպես հիմա, պահվում է կաղնու տակառներում, սակայն շատ գյուղերում, որտեղ գինու արտադրություն կա, այն պահվում է կավե կճուճներում՝ կարասներում: 
Ըստ փորձագետների՝ հայկական կաղնին, շնորհիվ իր վարդագույն երանգի, գինուն հաղորդում է բնական վանիլինի, շոկոլադի և չրերի համ՝ նպաստելով գինու յուրահատուկ փունջի ստեղծմանը:

Խաղողագործության ու գինեգործության ակունքները Հայկական լեռնաշխարհում

Հնագետների համոզմամբ՝ խաղողի աճեցումն ու գինու արտադրությունը սկիզբ են առել Հարավային Կովկասի հարուստ և բերրի հովիտներից: 
Հայաստանում գինի պատրաստելու ավանդույթը սկիզբ է առել դեռ անտիկ շրջանում: 
Խաղողագործությունն ու գինեգործությունը Հայաստանի տնտեսական գործունեության, թերևս, ամենահին ճյուղերից են: Հայաստանի գինեգործության մասին հիշատակում են նաև հույն պատմաբան Հերոդոտոսը և հույն աշխարհագրագետ, փիլիսոփա Ստրաբոնը: 

19-20-րդ դարերի հնագիտական պեղումները փաստում են, որ դեռ մ.թ.ա. 9-րդ դարում Հայաստանը համարվում էր գինու արտադրություն ունեցող պետություն: 1939թ. 7-րդ դարի Թեյշեբաինի ուրարտական բերդում (ներկայիս՝ Կարմիր բլուր) ռուս հնագետ Բորիս Պիոտրովսկիի ղեկավարությամբ իրականացված պեղումները բացահայտել են գինու պահեստ և մոտավորապես 500 կավե կճուճ: Գինու պահեստներ հայտնաբերվել են նաև Էրեբունի քաղաք-ամրոցում, որը կառուցվել է 2800 տարի առաջ: Սակայն հայկական գինեգործության վերաբերյալ ամենացնցող բացահայտումն արվեց 2010-ին, երբ հայ, ամերիկացի և իռլանդացի հնագետները Հայաստանի հարավում հայտնաբերեցին աշխարհում ամենահին՝ 6000 տարվա պատմություն ունեցող գինեգործարանը: Պեղումների ընթացքում հայտնաբերվեցին նաև խաղող ճմռելու գործիք, կավե կճուճ՝ շրջապատված խաղողի ողկույզներով ու չորացած խաղողի որթատունկերով, և նույնիսկ՝ գինի խմելու գավաթ: 

2011 թվականին հնէաբանները հայտարարեցին, որ Հայաստանում հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինեգործական հնձանը, որը թվագրված է մ.թ.ա. 4000 թ.: Այն գտնվում է Վայոց Ձորի մարզում, Արենի քարանձավային համալիրում և բաղկացած է խաղողը ճզմելու համար նախատեսված քարե ավազանից և քամված հեղուկի պահեստավորման տարողություններից: 

Շրջակայքում հայտնաբերվել են նաև խաղողի կորիզներ, մնացորդներ և տասնյակ չորացած վազեր: Գտնված կորիզները պատկանում են խաղողի Vitis Vinifera տեսակին, որն այսօր էլ օգտագործվում է գինու արտադրության մեջ: 

Մինչ այս բացահայտումները, գինեգործության հնագույն հետքերը համարվում էին Եգիպտոսում հայտնաբերված սարքավորումները, որոնք թվագրված են մ.թ.ա. 3100 թ.:
Հնագույն ժամանակներից մինչ օրս գյուղատնտեսությունը, և մասնավորապես` խաղողագործությունն ու գինեգործությունը, էական դեր են խաղացել Հայաստանի տնտեսության ձևավորման գործում և հայ ժողովրդի գոյատևման կարևոր միջոց են հանդիսացել, սակայն խորհրդային հասարակարգի փլուզումից հետո` գինեգործությունն անկում է ապրել և դեռևս չի վերականգնել իր դիրքերը:


Հայկ Կիսեբլյան