Հայերի ինքնապաշտպանական մարտերը Բեյրութում...
«Նկարում` Բեյրութի հայկական ինքնապաշտպանական «Մեծ Արաբո» ջոկատն է 1977-ին: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում, 1970-ականների երկրորդ կեսին, սփյուռքում հայերի մեծ համախմբում տեղի ունեցավ` ամենուրեք հայրենասիրական մեծ վերելք էր: Բեյրութ էին ժամանում հայ կամավորականներ տարբեր երկրներից` պաշտպանելու հայկական թաղամասերը, որոնք պատերազմի ժամանակ հարձակումների թիրախ էին դարձել մուսուլմանական զինյալ խմբավորումների կողմից:
Հիշում եմ, անգամ մենք, հայաստանցի ուսանողներս, մեր զուտ խորհդանշական լուման ներդրեցինք այդ գործընթացում: 1978-ի գարնանը Երևանի համալսարանում ստեղծվել էր ուսանողական նախաձեռնող խումբ, որը կամավորներ էր գրանցում` անհրաժեշտության դեպքում Բեյրութ մեկնելու համար: Պարզ է, որ այդպես էլ ամեն ինչ մնաց թղթի վրա. տոտալիտար երկրի պայմաններում, ինչպիսին Խորհրդային Միությունն էր` այլ կերպ հնարավոր չէր: Բայց կարևորը, ինչպես ասում են` այդ փաստի առկայությունն էր:
1965-ի ազգային զարթոնքից հետո` սա հայերի համախմբման թերևս առաջին դեպքը եղավ, իսկ Բուրջ-Համուդ հայկական թաղամասի մոտ մղած հաղթական մարտերը` դասվեցին հայ ազատագրական պայքարի փայլուն էջերի շարքին: Ահա թե ինչ է գրում ամերիկացի անվանի պատմաբան Ջոն Բուլոքը իր «Երկրի կործանումը» գրքում. «Հայերի աննախադեպ քաջությունը մեծ տպավորություն թողեց Լիբանանի ողջ քրիստոնյա համայնքի վրա: Քաղաքացիական պատերազմի ընթացքում հայերը բազում անգամ կարողացան ջախջախել հակառակորդի ջոկատները, որոնք 3-4 անգամ գերազանցում էին իրենց թվաքանակով»: