Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համաժողով Դիլիջանում


Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը «Վորլդ Վիժըն» (World Vision) միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցաբար հուլիսի 7-11-ը Դիլիջանում անցկացրեց կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համաժողով-վերապատրաստում, որին մասնակցում էին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հայաստանյան թեմերի 120 մանկավարժներ և համակարգող հոգևոր հայրեր:


Համաժողովը բացվեց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, «Վորլդ Վիժըն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժիրայր Էդիլյանի, ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի և ԿԳՆ ներկայացուցիչ Նարինե Մնացականյանի խոսքով: 
Համաժողովի առաջին օրը «Մարդկային հարաբերություններն ըստ Սուրբ Գրքի» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ ՔԴԿ փոխտնօրեն Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը: Օրվա ավարտին կազմակերպվեց հավաքական աղոթք և մոմավառություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների:
Համաժողովի հաջորդ օրերը սկսվեցին Աստվածաշնչի սերտողությամբ: Երկրորդ օրը «Ասէ Աստուած» թեմայով բանախոսեց Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը: Մասնակիցներին մանկավարժական գիտելիքներ և մեթոդական հմտություններ փոխանցեց ՀՀ ԿԳՆ ԿԱԻ մասնագետ Հասմիկ Մարգարյանը: 

Համաժողովի երրորդ օրը «Վորլդ Վիժըն»-ի հայաստանյան գրասենյակի հոգեբան Ինգա Հարությունյանը մասնակիցներին ներկայացրեց երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, որից հետո կիրակնօրյա կրթօջախներում ոչ ֆորմալ կրթության սկզբունքները և մեթոդական հնարքները կիրառելու հնարավորություններին անդրադարձավ ԵՊՀ Փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս Սիլվա Պետրոսյանը: 
Չորրոդ օրը «Ի՞նչ է աստվածաբանությունը» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների և Հրատարակչական բաժինների տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը, ապա Տ. Սամվել աբեղա Մխիթարյանը ներկայացրեց «Ս. Մյուռոնը Հայ Եկեղեցում» թեման: 

Նույն օրը համաժողովի մասնակիցներն ուխտավորաբար այցելեցին Հաղարծնի վանական համալիր, ուր կատարվեց ժամերգություն:
Համաժողովի վերջին՝ հինգերորդ օրը «Ս. Հաղորդությունը՝ քրիստոնյայի կատարելացում» թեմայով բանախոսություն ներկայացրեց Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը, որից հետո ամփոփվեցին համաժողովի արդյունքները: 
Համաժողովի հանդիսավոր փակմանը բոլոր մասնակիցներն արդեն ավանդույթ դարձած Հայրապետական մաղթերգի կատարմամբ իրենց երախտիքը հայտնեցին Վեհափառ Հայրապետին սույն ծրագրի համար՝ Նորին Սրբությանը մաղթելով արևշատության ու երկարամյա արգասաբեր գահակալություն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Քրիստոնեական դաստիարակության կենտրոն