2010թ. հոկտեմբերի 16-ին բացված «Տաթևի թևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է
Տաթևի վանքը գտնվում է Գորիսի շրջանի հարավում, Լեռնարոտի լեռների և Բարգուշատի լեռնաշղթայի միացման հատվածում, Որոտան գետի աջ ափին բարձրացող մի եռանկյունաձև հրվանդանի վրա:
Տաթևի վանքը կառուցվել է IX-րդ դարում և հանդիսացել է Սյունիքի հոգևոր կենտրոն: 895 թվականին, հիմնադրվում է հետագայում հռչակավոր դարձած Տաթևի վանքը, որը Սյունիքի թագավորության 48 վանքերից ամենագլխավորն էր ու քրիստոնեական եկեղեցու խոշորագույն ու ազդեցիկ կենտրոններից մեկն Հայաստանում:
1373թ. Հոնվհաննես Որոտնեցին Տաթևում հիմել է միջնադարյան Հայաստանի խոշորագույն համալսարանը:
Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղին շահագործման է հանձնվել 2010 թ հոկտեմբերի 16-ին։
Որոտանի կիրճում կառուցված ճոպանուղին ունի 5, 7 կմ երկարություն, ամենաբարձր կետում հարաբերական բարձրությունն հասնում է 330 մետրի: Այն սկիզբ է առնում Հալիձոր գյուղից, հատելով Որոտան գետը, անցնում Որոտանի կիրճի վրայով և ձգվում մինչև Տաթև գյուղը, որտեղից ոտքով կարելի է հասնել Տաթևի վանական համալիր:
Ճոպանուղին հնարավորություն է տալիս Հալիձոր-Տաթև ճանապարհը անցնել ընդամենը 12 րոպեում, ավտոմեքենայով 40 րոպեում անցնելու փոխարեն:
Հալիձոր-Տաթև երթուղու չվերթներն իրականացվում են 30 րոպեն մեկ անգամ պարբերականությամբ, անհրաժեշտության դեպքում կարող է իրականցվել նաև արտահերթ չվերթ:
Իր դասում «Տաթևի թևեր»-ը աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է: «Տաթևի թևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես անկանգառ հետադարձելի օդային անցուղիների դասում ամենաերկարը. այն 1.4 կմ-ով գերազանցում է մինչև այդ ամենաերկարը համարվող ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգում գտնվող «Սանդիա Փիկ» ճոպանուղու երկարությունը:
Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի