Մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի Ստեղծագործական Տունը փառատոն կանցկացնի

2015 թ-ի հուլիսի 29-ին Սևանում, Հայրավանք գյուղում, որտեղ տեղակայվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի Ստեղծագործական Տունը, տեղի կունենա արվեստների յուրօրինակ փառատոն՝ «ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ» ընդհանուր խորագրով:
Փառատոնի բովանդակությունը պատահական չէ և, հիմնականում պայմանավորված է անձամբ կոմպոզիտորի երազանքով՝ Սևանի ափին անցկացնել ժողովրդական տոնախմբություն, որտեղ երաժշտության տիեզերական ոգին, ասես միաձուլվում է վեհապանծ լեռների և կապուտակ լճի չնաշխարհիկ բնապատկերին: Ցերեկը՝ պատարագն է, այնուհետև ժողովրդական արհեստների նմուշների ցուցադրություն, գրական հանդիպումներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, ֆոլկլորային համույթների մասնակցություն: «Իսկ երեկոյան, մթնշաղի և լռության իջնելուն պես, - կարդում ենք «Երկխոսություններ Ավետ Տերտերյանի հետ» գրքում, - իր տիրապետությանը կանցնի երաժշտությունը: Դա կլինի ձայնի ցնծություն, երաժշտություն՝ հնչող Սևանի ափին, Հայրավանք եկեղեցու պատերի մոտ, լազերային լուսավորության ֆոնին, և երաժշտություն կամերային մթնոլորտում, իմ նորակառույց տան հատուկ այդ նպատակով սարքավորված դահլիճում: Հուսով եմ, որ կգտնվեն մարդիկ՝ օժտված կազմակերպչական տաղանդով, ովքեր կաջակցեն այդ գաղափարի իրականացմանը»: 
«ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԸ» փառատոնը կմիավորի տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծագործական աշխատանքների ցուցադրությունները, ամենաերիտասարդ մասնակիցները – «ԲԱԱՐԴԻԱ» պարային ստուդիայի սաները, կցուցադրեն Տերտերյանի երաժշտությամբ «Վակուում» ներկայացումը, Երևանի և Եկատերինբուրգի գեղարվեստական դպրոցների սովորողները կներկայացնեն իրենց գծանկարչական և գեղանկարչական աշխատանքները: Ինչպես նաև, ակնկալվում է Սանկտ-Պետերբուրգի հայկական գաղութի ազգային-մշակութային կենտրոնի կողմից հետևյալ ԲՈՒՀ-երում կազմակերպված մրցույթների հաղթողների մասնակցությունը; Սանկտ-Պետերբուրգի Ա.Լ. Շտիգլիցի անվան պետական գեղարվեստական-արդյունաբերական ակադեմիայի, ՍՊՊՀ-ի, Սանկտ Պետերբուրգի Ն.Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի լավագույն ուսանողները:
Իսկ Ուրալի ճարտարապետա-գեղարվեստական ակադեմիայի ուսանողները Հայաստանի ցուցադրությանն են նախապատրաստում Եկատերինբուրգում Տերտերյանի բնակարան-թանգարանի կոնցեպցիայի մշակումները: 
Նույն օրը տեղի կունենա Ռուսաստանում հրատարակված գրքերի շնորհանդես; «Հայաստանի պոեզիան Մարկ Ռիժկովի թարգմանություններում», «Զրույցներ Ավետ Տերտերյանի հետ» Ռ. Տերտերյան (անգլ. լեզվով) և Տերտերյանի երաժշտությամբ կինոֆիլմերի դիտում: 
Եկատերինբուրգից՝ քաղաք, որը հատուկ դեր է խաղացել կոմպոզիտորի կյանքում, և, որտեղ շուտով կբացվի Ավետ Տերտերյանի անվան փողոց, Սևան կժամանի Սվերդլովյան ֆիլհարմոնիայի Լարային քառյակը ՝ հատուկ հայկական ծրագրով: 
Քառյակի ելույթը, որը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները՝ Ս. Ասլամազյանի հայտնի մշակմամբ, կբացվի փառատոնի վերջին՝ երաժշտական գործողությունը, որտեղ կհնչեն Տերտերյանի ժամանակակիցների և ընկերների՝ հայտնի հայ կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանի և Էդգար Հովհաննիսյանի սիմֆոնիկ երկերը: Որպես եզրափակիչ ակորդ կկատարվի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան:
Ավետ Տերտերյանի երաժշտությունը՝ յուրօրինակ ժամանակակից հնչյունային աշխարհում, համամարդկային գաղափարների գիտակցումն է՝ խորը ներթափացելով հայ ժողովրդի գենետիկ, ազգային և հոգևոր հիշողության մեջ, այսօր շատերի համար հանդիսանում է հին և ժամանակակից Հայաստանի, նրա պատմության և ապագայի ձգտման, վշտի և անսասան ոգու խորհրդանիշ: Ահա թե ինչու, հարգանքի տուրք մատուցելով և փառատոնը նվիրելով Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, կազմակերպիչները համոզված են, որ այն կընդգրկվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:
Սևանի ափին գտնվող Տերտերյանի Ստեղծագործական Տանը կայանալիք փառատոնի պաշտոնական հյուրերից են սպասվում Սվերդլովյան պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի տնօրենի, մշակույթի և արվեստի գծով ՌԴ Նախագահի Խորհդի անդամ Ա. Կոլոտուրսկու, Սանկտ-Պետերբուրգի մշակույթի գծով կոմիտեի նախագահ Կ.Է.Սուխենկոյի, Ռուսաստանի գրողների Միության Եկատերինբուրգի բաժնի, Սվերդլովյան շրջանի օրենսդրական ժողովի պատգամավոր Ե.Պ.Կասիմովի, ՌԴ կինոնկարիչների Խորհրդի Ուրալի բաժնի նախագահ Վ.Ի.Մակերանեցի, «Անի-Հայաստան» «Հայկական համայնքի» շրջանային հասարակական կազմակերպության ղեկավարի, Սվերդլովյան շրջանի Հասարակական պալատի անդամ Մ.Խ.Նազարյանի ներկայությունը: 

Փառատոնի կազմակերպման իրականացումը հնարավոր դարձավ Սանկտ-Պետերբուրգի հայկական ազգային-մշակութային կազմակերպության նախագահ Կ.Ռ.Մկրտչյանի և հայտնի պրոդյուսեր Լ.Վ.Շուլմանի նախաձեռնության շնորհիվ՝ ՀՀ մշակույթի նախարարության, Սվերդլովյան շրջանի մշակույթի նախարարության (ՌԴ), Սանկտ-Պետերբուրգի մշակույթի գծով կոմիտեի (ՌԴ) և փառատոնի գլխավոր հովանավոր մշակույթի պահպանման, զարգացման եւ լուսաբանման՝ “Մշակույթ և ապագա” ֆոնդի, աջակցությամբ: 

«Տերտերյանի ժամանակը» փառատոնը ոչ միայն Հայաստանի պատմական հիշողության և ժամանակակից արվեստի հանդեպ տուրք է, այլև արվեստի գործիչների միջազգային փոխհարաբերությունների հաստատման նոր ավանդույթի սկիզբ, ինչը կնպաստի հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի մշակութային կյանքի վերակենդանացմանը, զարգացմանը և աշխուժացմանը: